Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԲԱՅԴԵՆԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԱՄՆ ՉԻ ՀՐԱՎԻՐԵԼ, ՀԱՄԱԺՈՂՈՎՆ ՕՆԼԱՅՆ Է
Հայ-ամերիկյան հարաբերություններին քաջատեղյակ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Բայդենը Փաշինյանին հրավիրել է Վաշինգտոն» տարածված վերնագրերին ու հայտարարություններին, հիասթափեցրել ոգևորվածներին.
«Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը։
Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ:
Մի քանի բան պարզաբանեմ:
Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:
Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:
Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:
Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:
Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:
Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»։
Հիշեցնենք, որ «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում ասել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացել է «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցելու հրավեր։ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը»։
Հարցին՝ սա որևէ կերպ կարո՞ղ է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարթակ հանդիսանալ, ԱԽ քարտուղարը պատասխանել էր. «Մենք ժողովրդավարության համաժողովն ընկալում ենք որպես Հայաստանի ժողովրդավարության ուժեղացման հնարավորություն և այդ նպատակի համար են ծառայեցնելու այդ համաժողովը»: