ԻՆՉՈՒ ԵՆ ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԹՈՒՅԼ ՏԱԼԻՍ ՔՆՆԱՐԿԵԼ ՍՅՈՒՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Նախորդ շաբաթ Ստամբուլում կայացած թյուրքալեզու պետությունների ղեկավարների 8-րդ գագաթնաժողովը խորհրդանշեց ինտեգրման հերթական փուլի մեկնարկը։ «Թյուրքական խորհուրդ» միջազգային կազմակերպությունը նոր խնդիրների հետ կապված վերանվանվել է և դարձել Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Բաքվում այս փաստը կապում են արցախյան պատերազմի արդյունքների հետ, կարծելով, որ այսօր կառույցի կարևորագույն նպատակներից կդառնա թյուրքական երկրների կողմից միասնական կոմունիկացիոն տարածքի ապահովումը։ Դժվար չէ կռահել, որ խոսքը «Զանգեզուրի միջանցքը ճեղքելու» մասին է։

Կազմակերպության վերանվանումը ստամբուլյան գագաթնաժողովում ընդունված միակ կարևոր որոշումը չէր։ Ամփոփիչ հռչակագրում մի քանի դրույթ կա, որոնք անմիջական առնչություն ունեն Հայաստանի հետ։

Նախևառաջ՝ կազմակերպությունը շնորհավորել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ադրբեջանի դաշնակիցները վստահեցրել են, որ պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ «պատերազմի արդյունքում ազառագրված տարածքները վերականգնելու և զարգացնելու» հարցում։

Ընդունված հայտարարությունում ողջունում են Շուշիի հռչակումը որպես Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք։ Եվ վերջապես թյուրքալեզու գործընկերները իրենց աջակցությունն են հայտնել «ինքնիշխանությունը հարգելու և երկրների տարածքային ամբողջականության հիման վրա» հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Բոլոր այս դրույթները դժվար է քաղաքական առումով կոռեկտ անվանել։

Արժե ուշադրություն դարձնել մի քանի դետալի վրա, որոնք թույլ կտան դատել Թյուրքական պետությունների կազմակերպության ընդլայնման հեռանկարների մասին։ Կարևոր է նկատելը, որ Հունգարիան գագաթնաժողովին ներկայացվել էր առաջին դեմքով, ինչը վկայում է այն մասին, որ Բուդապեշտը, հնարավոր է, ծրագրում է կազմակերպության լիիրավ անդամ դառնալ (այսօր Հունգարիան դիտորդ պետության կարգավիճակ ունի)։

Վարչապետ Վիկտոր Օրբանը վերջին տարիներին առավել ակտիվ է առաջ տանում իր ժողովրդի թյուրքական ինքնության մասին վիճահարույց վարկածը։ Ըստ նրա` հունգարացիները ոչ այլ ոք են, քան Եվրոպա եկած կիպչակ թուրքեր, Աթիլայի հոների նախնիներ։ Անցյալում Օրբանն արդեն իր երկիրն անվանել էր «թուրքական հող»։ Անկարայում գնահատել էին նրա այդ հայտարարությունը։ Եվրոպայում մշակութային և աշխարհաքաղաքական էքսպանսիայի ընդլայնմանն ուղղված քայլերի հերթականությունը ծրագրելիս թուրք գաղափարախոսները տարեցտարի ավելի համարձակ են հույսները դնում հունգարացիների վրա։

Կազմակերպության անդամակցելու առումով մյուս հավանական թեկնածուն Թուրքմենստանն է։ Երբ 2009 թվականի հոկտեմբերին ստորագրում էին, այսպես կոչված, «Նախիջևանի համաձայնագիրը», որը հիմք դրեց «Թյուրքական խորհրդի» ստեղծմանը, Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը խուսափեց մասնակցել ձևավորվող դաշինքին` բացատրելով դա իր երկրի չեզոք կարգավիճակով։ Սակայն տարիներ անց նա վերանայեց իր որոշումը։ Ստամբուլում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ որոշում էր կայացվել Թուրքմենստանին որպես դիտորդ ընդունել Թյուրքական պետությունների կազմակերպությունում։

Վերլուծաբաններից շատերի համար դա անսպասելի էր։ Թուրքմեն քաղաքագետ Սերդար Այթակովը նշում է, որ Աշխաբադն իրեն այդքան էլ հարմարավետ չի զգալու թյուրքական դաշինքում։

«Թուրքմենստանի իշխանությունները մեծ զգուշավորությամբ են մտնում Թյուրքական խորհուրդ։ Նախ` նրանց դուր չի գալիս, որ Անկարան և Բաքուն կատեգորիկ պահանջում են իրենց աջակցել ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի գործողություններին։ Թուրքմենստանը պատմականորեն ջերմ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և այդ հարաբերություններն Աշխաբադը չի ցանկանում փչացնել Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունների պատճառով», – նշում է Այթակովը։

Այնուամենայնիվ, ստամբուլյան հռչակագիրը Բերդիմուհամեդովը ստորագրել էր առանց որևէ վերապահության։ Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ թյուրքական աշխարհն ակտիվորեն ընդլայնվում է ոչ միայն դեպի արևմուտք Հունգարիայի օգնությամբ, այլև արևելք` Թուրքմենստանի շնորհիվ։

Առանձին թեմա է ինքնահռչակ և Անկարայից բացի ոչ մեկի կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը Թյուրքական համագործակցության կազմակերպությունում ընդունելու հեռանկարը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի թաքցնում, որ ցանկանում է օգտագործել կազմակերպությունը Հյուսիսային Կիպրոսի «լեգիտիմացման» և քաղաքական մեկուսացումից դուրս բերելու համար։

Գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ Էրդողանը հայտարարեց. «Մենք անկեղծորեն ցանկանում ենք առաջիկայում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետությունը տեսնել մեր շարքերում։ Երբ դա տեղի ունենա, մեր կազմակերպությունն էլ ավելի կհարստանա։ Հույս ունենք, որ Թյուրքական խորհուրդն իր ներդրումը կունենա Հյուսիսային Կիպրոսի հանրապետությունն արգելափակումից դուրս բերելու համար»։

Դատելով ամենից, արդեն հաջորդ գագաթնաժողովում կխոսեն Կիպրոսի գրավված հատվածում իշխող խամաճիկային ռեժիմին Թյուրքական պետությունների կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ տրամադրելու մասին։ Եվ այդ նախաձեռնությամբ հանդես կգա, ամենայն հավանականությամբ, Իլհամ Ալիևը։ Ամեն ինչ հենց դրան է գնում։

Այժմ խոսենք թյուրքական աշխարհի միասնական կոմունիկացիոն տարածք ստեղծելու հեռանկարի մասին։ Ադրբեջանական ԶԼՄ–ները պնդում են, որ գագաթնաժողովի ընթացքում այս թեման գրեթե ամենագլխավորն էր։

Ահա թե ինչ է գրում այդ մասին Нaqqin.az–ը. «Անդրտարածաշրջանային կառույցների կենտրոնական խնդիրներից մեկը ղարաբաղյան հակամարտության հետ կապված ենթակառուցվածքային անջատվածությունն է։ Ու թեև Հայաստանում սա գնահատեցին որպես սպառնալիք սեփական ինքնիշխանությանը, իրականում խոսքը թյուրքական աշխարհի աշխարհագրական տարածքի տրանսպորտա–ենթակառուցվածքային անջատվածությունը շտկելու մասին է։ Ղարաբաղյան հակամարտության հարկադիր ռազմական լուծումը առավելագույնս մոտեցրել է այդ ճեղքի վերջնական միակցմանը Զանգեզուրի միջանցքում...»։

Թուրքական և ղազախական աղբյուրները նույնպես տեղեկություններ են հայտնում այն մասին, որ գագաթնաժողովում իսկապես քննարկել են այն նախագծի հեռանկարները, որը Բաքվում «Զանգեզուրի միջանցք» են անվանում։

Ղազախստանի տեղեկատվա–վերլուծական «Օրդա» պորտալը գագաթնաժողովին նվիրված իր հրապարակման մեջ գրում է. «Զանգեզուրի միջանցքի շտկման ավարտով թյուրքերը ուղիղ ցամաքային հաղորդակցություն կունենան բեռների տարանցման համար Թուրքիայից դեպի Ղազախստան և այնտեղից` Չինաստան։ Գործընթացն արագացնելու նպատակով երկրներն արդեն մեծ աշխատանք են տարել սահմանային վերահսկման օրենսդրությունների, մաքսային ընթացակարգերի ներդաշնակեցման և նույնիսկ բեռնատարների համար միասնական էլեկտրոնային տիր–կարնետների (մաքսային տրանզիտային փաստաթուղթ-խմբ.), ինչպես նաև միասնական էլեկտրոնային վարորդական իրավունքների թողարկման համար...»։

Այսպիսով, ստացվում է, որ Ստամբուլում 7 երկրների պետությունների առաջնորդները պաշտոնական Երևանի մեջքի հետևում քննարկում էին ինքնիշխան Հայաստանի ապագա տարածքների հարցը։ Ստացվում է, որ ԵՄ անդամ Հունգարիան, ԵԱՀԿ և ՀԱՊԿ Հայաստանի դաշնակիցներ Ղազախստանն ու Ղրղզստանը թույլ են տվել Թուրքիային և Ադրբեջանին ներքաշել իրենց ՀՀ Սյունիքի մարզի հողերի «լավագույնս օգտագործման» հարցի շուրջ իրենց քննարկումներին։ Իսկ որքանո՞վ է դա համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին և միջազգային կազմակերպություններում անդամացկությունից բխող պարտավորություններին։

Արտյոմ ԵՐԿԱՆՅԱՆ, Sputnik Արմենիա