Ինչու Ադրբեջանը հրավիրված չէ «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին

Բայդենի վարչակազմը պատրաստվում է «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողով հրավիրել` առաջինն իր տեսակի մեջ, որը կմիավորի կառավարական գործընկերներին, քաղաքացիական հասարակությանը և մասնավոր հատվածին` «ամբողջ աշխարհում ժողովրդավարական նորացմանն աջակցելու համար»:

Գագաթնաժողովը կանցկացվի դեկտեմբերի 9-10-ը տեսակոնֆերանսի ձևաչափով։

Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրե Զեյայի խոսքով` «այս գործընթացի միջոցով մենք ձգտում ենք ամրապնդել մեր ժողովրդավարական ինստիտուտները, ազնվորեն դիմակայել ժողովրդավարության մարտահրավերներին և դիմակայել մեր ընդհանուր արժեքներին երկրի ներսում և արտերկրում»:

«Ոչ մի ժողովրդավարություն կատարյալ չէ, այդ թվում` մերը Միացյալ Նահանգներում: ԱՄՆ կառավարությունը գագաթնաժողովը որպես հնարավորություն է դիտարկում` լսելու, սովորելու, խոսելու և միասին գործելու երկրի ներսում և դրսում ժողովրդավարության առջև ծառացած խնդիրների նկատմամբ»,- ասել է Զեյան:

Հրավիրվածների նախնական ցուցակի համաձայն՝ միջոցառումը կհամախմբի ոչ միայն կայացած ժողովրդավարական երկրները, այլև` երկրներ, որտեղ, ըստ ակտիվիստների, ժողովրդավարությունը վտանգի տակ է։

Հարցին` արդյոք կազմվել է հրավիրյալների վերջնական ցուցակը, թե դեռ ժամանակ կա, որպեսզի Ադրբեջանի նման երկրները հայտնվեն ցուցակում, Զեյան պատասխանել է, որ ԱՄՆ-ն հրավիրում է կայացած և զարգացող ժողովրդավարությունների տարածաշրջանայինորեն բազմազան հավաքածու»՝ մեծ ու փոքր, որոնց առաջընթացն ու պարտավորությունները, իրենց կարծիքով, կնպաստեն ընդհանուր նպատակներին, տեղեկացնում է News.am: