ՆԻԿՈԼԸ ՁԵՌՔԵՐԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ԳԵՐԻՆԵՐԻ՞ ՀԱՐՑՈՒՄ

«Նոյեմբերի 16-ին տեղի ունեցած մարտերի ընթացքում 13 հայ զինծառայողների գերեվարման յուրաքանչյուր դեպք պետք է պատշաճ ձևով քննվի, պարզվի, թե ինչպես և ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել, և որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը ՝ հիշեցնելով զինծառայողների պարտականությունների և զինվորական կանոնագրքերի մասին:

ԱՅ ԱՅԴՊԵ՛Ս։ Նիկոլն, ըստ էության, իրեն բնորոշ ցինիզմով որոշել է իր ուսերից թոթափել գերիների խնդիրը, փաստացի փոխարինելով դա այն բանաձևով, թե՝ մենք գերիներ չունենք, կան միայն դավաճաններ։ Քանի որ հասկացել է, որ վերադարձնել ադրբեջանական բանտերում տանջվող հայրենակիցներին, որոնց խումբ-խումբ դատում են իբրև ահաբեկիչների, իր կառավարությունն ի վիճակի չէ։ Նրա հայտարարությունների այլ բացատրություն դժվար է գտնել։

Ռազմագերիների թեման Փաշինյանը շահարկել է մշտապես։ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ հասարակությունն ամեն օր ու ամեն ժամ բարձրաձայնում էր այդ ցավոտ խնդիրը, կապիտուլյանտ իշխանությունն օգտագործում էր դա, որպեսզի իր ձեռքում պահի կառավարման սանձերը։ Իբր՝ միայն մենք կարող ենք այնպես անել, որ գերիները հնարավորինս շուտ վերադառնան տուն, մենք պայմանավորվածություններ ունենք, բըլ-բըլ-բըլ…

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլը կրկին շահարկում էր այդ հարցը՝ անգերազանցելի ցինիզմով հայտարարելով, թե «հայ ռազմագերիները ևս 2-3 ամիս կսպասեն, եթե դրանից է կախված երկրի անվտանգության հարցը»։ Մինչդեռ պատասխանատվությունը իրենց վրայից ամբողջությամբ գցելու փորձն արդեն այն ժամանակ, գիտակցաբար թե հիմարաբար, հնչեցրեց Լենա Նազարյանը, որը հասարակայնությանն առաջարկեց «գերիների վերադարձ պահանջել ոչ թե հայկական իշխանություններից, այլ Ադրբեջանից»։

Ընդ որում այդ ծայրաստիճան զգայուն հարցի հետ կապված սրբապիղծ խուսավարումներն ու այլակերպումները իշխանությունների կողմից արդեն մեկ տարի շարունակ ցուցաբերվում են միանգամայն նպատակաուղղված կերպով։ Մերթ տուն վերադարձած մի քանի մարդիկ հերոս են հայտարարվում և տեսախցիկի առջև բարբառում, թե որքան լավ են իրենց հետ վարվել ադրբեջանական զնդաններում, մերթ հակառակը, պետության ղեկավարի մատուցմամբ հասարակական գիտակցության մեջ այսօր արմատավորվում է այն միտքը, թե գերի ընկնելը հանցագործություն է:

Մի՞թե պատահական էր, որ օրերս լրատվական դաշտ նետվեց ադրբեջանցի զինվորների առջև հայ զինվորների նվաստացման կադրերով տեսանյութը, որից հետո հասարակական տրամադրությունները հուզական ապրումակցման վիճակից կտրուկ թեքվեցին դեպի գիտակցված դաժանության հուն. իբր՝ թող ավելի լավ զոհվեն որպես հերոսներ, քան գերի ընկնեն։ Եթե իշխանությունը սկսի ահագնացնել նման տրամադրությունները, իսկ Փաշինյանը երեկ ակնհայտորեն սկիզբ դրեց դրան, ապա որոշ ժամանակ անց գերիների թեման ինքնըստինքյան կմարի։ Չենք խոսում արդեն այն մասին, թե ինչպես կանդրադառնան այդօրինակ մանիպուլյացիաները բանակի և զինծառայողների վրա. դա ընդհանրապես առանձին խոսակցության թեմա է։

Նման բան թույլ տալ չի՛ կարելի։ Հասարակությունը պետք է հասկանա, որ գերի ընկնելը միշտ չէ, որ հանցագործություն է, և միշտ չէ, որ հերոսություն է։

«Գերիների մեջ կան եվ՛ այնպիսիք, ովքեր գերեվարվել են իրենցից անկախ հանգամանքներում, օրինակ՝ վիրավորվելու հետևանքով անգիտակից կամ անօգնական վիճակում, և՛ մարդիկ, որոնք պարզապես հրաժարվել են կատարել իրենց պարտքը, կամ նույնիսկ նրանք, ում հրահանգվել է չկատարել դա, - «ԳԱ»-ի հետ զրույցում նշեց հրապարակախոս Արտակ Վարդանյանը։- Գերեվարվում են տարբեր մարդիկ. ինչպես ազնիվ մարտիկները, այնպես էլ սրիկաները, վախկոտներն ու դավաճանները։ Եվ դա պետք է հասկանալի լինի ցանկացած ողջամիտ մարդու։ Ուստի, պետք է շատ ու շատ զգույշ լինել սեփական հռետորաբանության մեջ՝ բոլորին նույն արշինով չչափվելու համար:

Բայց բոլոր այդ գերիները նախևառաջ մեր հայրենակիցներն են։ Եվ պետությունը պարտավոր է առավելագույն ջանքեր գործադրել գերությունից նրանց շուտափույթ ազատելու համար։ Բոլորին անխտի՛ր։ Դե, իսկ հետո արդեն, երբ նրանք հայտնվեն իրենց հողի վրա, իրեն հարգող պետությունը ճիշտ նույն կերպ պարտավոր է քրեական գործեր հարուցել և հանգամանորեն հետաքննել նրանցից յուրաքանչյուրի գերեվարման հանգամանքները։ Դա անհրաժեշտ է անել, որպեսզի արդարացվեն և գերության խայտառակությունից ազատվեն նորմալ ու ազնիվ մարտիկները։ Իսկ վախկոտներն ու դավաճանները, որոնց կբացահայտեն քննության ընթացքում, պետք է պատիժ կրեն դատական կարգով՝ ըստ իրենց կատարած ստորության կամ վախկոտության հետևանքների։ Բայց դրա համար նախ պետք է բոլորին, առանց որևէ բացառության, վերադարձնել»։

Սա իսկապես կարևորագույն հրամայական է. սկզբի համար պետք է բոլորին վերադարձնել Հայրենիք, մանավանդ որ Ադրբեջանին դա պարտադրում են ոչ միայն միջազգային իրավունքի նորմերը, այլև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության կետերից մեկը։ Միակը, որն առ այսօր չի կատարվել բացառապես Ադրբեջանի մեղքով։

Սակայն ի՞նչ մեսիջ է հղում վարչապետ Փաշինյանն Ալիևին խորհրդարանի ամբիոնից, հայտարարելով, թե «պետք է հետաքննել 13 հայ զինծառայողների գերեվարման հանգամանքները» և ցինիկ հարց տալով. ո՞ր դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն։ Պե՞տք է արդյոք այդ հայտարարությունները գնահատել որպես հերթական բացահայտ պաս և քարտ-բլանշ ագրեսորին, որ գերիների հետ կարող է վարվել ինչպես կամենա, քանի որ հայկական կողմը լվանում է ձեռքերը։ Պատասխանն ակնհայտ է. ուրիշ ո՞ւմ է ինչ-որ բան անհասկանալի։

Հ.Գ.- Իսկ եթե խոսենք հետաքննության մասին, ապա գուցե անդրադառնանք, ասենք, գերագույն գլխավոր հրամանատարի այն հրամանի՞ն, որը նա արձակեց սոցցանցերում պատերազմի ամենաթեժ պահին. գնալ ԲՇՏ, սաղավարտ ճարել ու հայդե ռազմաճակատ՝ հաղթելու։ Մեկը լիներ՝ Փաշինյանի հանցավոր հրամանները հետաքններ սկզբի համար…