ՎԱՐԿԵՐ՝ ԶՐՈՅԱԿԱՆ ՕԳԳ-ՈՎ
Հայաստանի ՀՆԱ աճը կգերազանցի 5%-ը և՛ 2021, և՛ 2022 թվականներին։ Այս մասին ասվում է Հայաստանում դիտորդական առաքելության արդյունքների վերաբերյալ ԱՄՀ հաղորդագրության մեջ, հաղորդում է Sputnik Արմենիան։
Այն բանից հետո, երբ եզրակացությունը կհաստատի ԱՄՀ գործադիր խորհուրդը (սպասվում է դեկտեմբերի կեսերին), Հայաստանը կստանա հակաճգնաժամային վարկի հերթական տրանշը, դրա չափը կկազմի 51,429 մլն SDR (դոլարի հաշվարկով՝ շուրջ 72,5 մլն):
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. այստեղ, իհարկե, կարելի է հիշատակել Հայաստանի էկոնոմիկայի նախարարին, որը եռանդագին պաշտպանում է այս տարվա արդյունքներով երկնիշ տնտեսական աճի սցենարը: Կարելի է հիշել նաև հրաժարական տալու նրա խոստումը, եթե երկնիշ աճ չլինի։ Սակայն դա, ինչպես ասում են, հարցի քնարական կողմն է։ Առհասարակ քնարերգության ժանրին կարելի է դասել քերոբյանական բոլոր հայտարարությունները, գնահատականները, կանխատեսումները։ Այնպես որ հետաքրքիր բան դրանց մեջ առանձնապես չկա։ Ինչը չես ասի մեկ այլ՝ ֆինանսների նախարարի կանխատեսումների մասին։
Ի տարբերություն իր գործընկերոջ՝ Տիգրան Խաչատրյանն օրերս հաղորդեց, որ ի հայտ են եկել ՀՆԱ աճի մասին նոր պատկերացումներ։ Նրա խոսքերով, կառավարությունը վերանայել է այդ ցուցանիշի վերաբերյալ իր կանխատեսումը նվազման ուղղությամբ և այժմ ակնկալում է ոչ թե 6,5 տոկոս աճ, ինչն, ի դեպ, հաշվառված է բյուջեում, այլ 6 տոկոս: Եվ այդ բացասական միտումը կապված է գյուղատնտեսության, հանքարդյունաբերության աճի դանդաղման, վերջին ամիսներին տնտեսական ակտիվության աճի տեմպի նվազման հետ։ Ըստ էության, ինչպես խոստովանում է ֆինանսների նախարարը, առկա տնտեսական պատկերը թելադրում է լավատեսական կանխատեսումների ճշգրտում՝ համեստության և իրատեսության շեշտադրումով:
Սակայն, դատելով ամենից, վերանայել կանխատեսումները և՛ Հայաստանի կառավարությունը, և՛ ԱՄՀ-ն ստիպված են լինելու բնավ ոչ մեկ անգամ։ Ակնհայտ է, որ իրական հիմքեր չկան դրական փոփոխություններ ակնկալելու այն ուղղություններով, որոնք, ըստ ֆինանսների նախարարի, խաթարում են աճի տեմպերը։ Ո՛չ գյուղատնտեսության, ո՛չ հանքարդյունաբերության ոլորտներում, ո՛չ էլ տնտեսական ակտիվության առումով։ Եվ ահա տնտեսական տխուր միտումների այս խորապատկերին երկիրը կարող է ԱՄՀ-ից ստանալ հերթական տրանշը։ Եվ... Է՛լ ավելի ծանրացնել իր պարտքի բեռը։ Տվյալ դեպքում՝ ևս 72 միլիոնով։
Միանգամից վերապահում անեմ։ Վարկերը, պարտքերը ինքնին չպետք է առանձնապես վախեցնեն։ Դրանց գրագետ և արդյունավետ օգտագործման դեպքում պետական պարտքի նույնիսկ կրիտիկական մակարդակն այնքան էլ սարսափելի չէ։ Բայց ողջ խնդիրն այն է, որ այս կառավարության, իր տնտեսական առաջնահերթությունների պարագայում պարզապես ծիծաղելի է ակնկալել վարկային միջոցների յուրացման արդյունավետություն։ Փաշինյանի թիմի իշխանության գալու պահից ի վեր Հայաստանի պետական պարտքն աճել է ավելի քան 2 մլրդ դոլարով։ Տարրական հարց. ի՞նչ է արվել այդ գումարով։ Ի՞նչ վիթխարի նախագիծ է իրականացվել պետության կողմից, ի՞նչ է կառուցվել։ Հարցերն այս, բնականաբար, հռետորական են։ Կառավարությունը պարզապես ծախսել է փողերն ընթացիկ կարիքների վրա, որոնք աճել են թթխմորի պես: Բնականաբար, այս առումով չի կարելի ուշադրության չառնել թավիշի հակումը պարգևավճարներով ինքնախրախուսման քաղաքականության նկատմամբ։
Ինչևէ, այս կյանքում ամեն ինչի համար պետք է վճարել։ Իսկ պարտքերի դեպքում՝ առավելև։ Հաջորդ տարի հարկ է լինելու չափազանց շատ վճարել։ Բյուջեի ծախսերի մոտ 10%-ը կկլանի պետական պարտքի սպասարկումը։ Պետական պարտքի, որը շարունակում է աճել նոր վարկերի հաշվին, որոնց օգտագործման ՕԳԳ-ն հավասար է զրոյի։