«Ժողովուրդ»․ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ԿԱԴՐԵՐ Է ՓՆՏՐՈՒՄ, ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻՆ ԿԱԶԱՏԵՆ ՊԱՇՏՈՆԻՑ

«ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու և բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է»- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Լրատվամիջոցը տեղեկացել է, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնել պաշտոնից:

«Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը և կազմակերպվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է։

«Բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, և ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով։ Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաև դրա համար է, որ Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել»,– նշված է հոդվածում:

Sputnik Արմենիա