Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում ԼՂ-ում սահմանազատման գծի երկայնքով

Ռուս խաղաղապահները պարեկություն են իրականացնում ԼՂ-ում սահմանազատման գծի երկայնքով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները շարժական պարեկային խմբերի կազմում ԲՏՌ-82Ա ժամանակակից զրահամեքենաներով ու «ԿամԱԶ»-ներով բազմակիլոմետրանոց երթ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր օգտագործման ու գրունտային դժվարանցանելի ճանապարհներով:

Նշվում է, որ սահմանազատման գծի երկայնքով իրականացվող պարեկության ընթացքում ռուս խաղաղապահները վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը, դիտարկում օդային իրավիճակը և զրուցում տեղի բնակիչների հետ։

«Այսօր դիտարկում ենք իրականացնում Ասկերանի շրջանում` կողմերի սահմանազատման գծի երկայնքով, վերահսկում ենք իրավիճակը։ Երբեմն կանգ ենք առնում բնակավայրերում, շփվում տեղի բնակիչների հետ, եռակողմ հայտարարության խախտման վերաբերյալ հարցեր ենք տալիս»,-ասել է ռուս խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Անդրեյ Կասյանովը։

27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ 

Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից սկսած հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում: Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը, տեղեկացնում է News.am: