Դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցն առհասարակ կարող է օրակարգից դուրս գալ
Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն, անդրադառնալով սահմանազատման ու սահմանազատման խնդրին, ընդգծեց՝ հասարակությունը, փորձագիտական հանրույթը, նույնիսկ իշխանական պատգամավորները տեղեկացված չեն՝ ի՞նչ տրամաբանությամբ է իրականացվելու գործընթացը, ինչպե՞ս է ստացվում, որ փաստացի՝ ուժի կիրառման սպառնալիքի տակ է Հայաստանը մտնում այդ գործընթացի մեջ, ի՞նչ պայմաններով, ինչի՞ դիմաց և ի՞նչ գաղտնի պայմանավորվածությամբ է իրականացվում այն։
Մամիջանյանը ուշադրություն հրավիրեց նաև մեկ այլ հանգամանքի վրա․ մեկ տարի շարունակ իշխանությունները հղում են անում խորհրդային ժամանակաշրջանի քարտեզներին, բայց չեն էլ փորձում ուսումնասիրել, թե ինչ փաստագրական նյութեր, փաստաթղթեր կան, որոնք ապացուցում են, որ նույն խորհրդային ժամանակաշրջանում կոնկրետ տարածքներ հենց Սովետական Հայաստանի մաս են կազմել։
«Օրինակ՝ Գորիս-Կապան ճանապարհը գտնվում էր Սովետական Հայաստանի սահմաններում։ Առկա է փաստաթուղթ՝ Քոչինյանի ստորագրությամբ, որը, բնականաբար, ունի նաև վերադասի հիմք։ Նկատի ունեմ սովետական իշխանություններին։ Դա չէր կարող լինել միայն Սովետական Հայաստանի կողմից հաստատված փաստաթուղթ։ Ո՞նց է, որ գիտական, փորձագիտական հանրույթին հաջողվում է գտնել այդպիսի փաստագրական հիմքեր, իսկ իշխանական ապարատը՝ գործադիրով, խորհրդարանի փորձագետներով և այլն, դա չեն կարողանում անել։ Այսպիսի իրադրության մեջ ենք մենք», - ընդգծեց Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով երեկվանից շրջանառվող փաստաթղթի մասին։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ կարծիք հայտնեց, որ Ադրբեջանի պարտադրանքին ենթարկվելու դեպքում դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը կարող է կորցնել իր տրամաբանությունը։
«Եթե Ադրբեջանի այս վարքագիծը շարունակվի, շարունակվի նաև ՀՀ իշխանությունների այս անարժանապատիվ կեցվածքը, 1-2 տարի հետո Ադրբեջանն առհասարակ դելիմիտացիա-դեմարկացիա անելու անհրաժեշտություն չի ունենալու, որովհետև այն խնդիրները, որոնք փորձում է լուծել թվացյալ բանակցությունների միջոցով, ըստ էության, ուժի կիրառման միջոցով է լուծում։ Եվ փաստացի, մենք կհայտնվենք մի իրավիճակում, երբ դելիմիտացիա, դեմարկացիայի հարցն առհասարակ կարող է օրակարգից դուրս գալ, որովհետև Ադրբեջանը իր հավակնություն արտահայտածից ավելի չափով իր խնդիրը կլուծի», - նշեց Աբրահամյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։