ՈՐՍ՝ «ՉՎՆԳՍՏԱՑՈՂՆԵՐԻ» ԴԵՄ

Իշխանությունը շարունակում է հալածել սկզբունքային և անկախ դատավորներին: Այն մարդկանց, որոնց, վերաձևակերպելով Փաշինյանի հայտնի արտահայտությունը, վստահորեն կարելի է անվանել «չվնգստացող»։ Արդարադատության նախարարությունը նշանառության տակ է վերցրել նրանց՝ ամեն Աստծու օր կարգապահական վարույթներ հարուցելով դատավորական կորպուսի ամենահարգված ներկայացուցիչների նկատմամբ։ Այս անփառունակ գործում առաջատարի դերը կատարում է, անշուշտ, արդարադատության պաշտոնաթող նախարար, այժմ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Հենց նրա օրոք իշխանությունների համար անցանկալի դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը հասավ նախկինում չլսված-չտեսնված մասշտաբների։ Ցավոք, էստաֆետն ընդունել է արդարադատության ներկայիս նախարար Կարեն Անդրեասյանը՝ հեշտությամբ մոռանալով, որ օմբուդսմեն եղած ժամանակ քննադատում էր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթների հարուցումը, նշելով, որ պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը նրանց կախյալ և ահաբեկված վիճակում պահելու «առավել արդյունավետ» մեթոդն է:

Կարգապահական վարույթների թվով ռեկորդակիրը, ընդ որում՝ բացահայտ անհիմն, ամենայն հավանականությամբ, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է։ Այդ դատավորի դեմ աննախադեպ հալածանքները՝ ամենաանթույլատրելի մեթոդների կիրառմամբ, սկսվեցին, ինչպես հայտնի է, այն բանից հետո, երբ 2018 թվականի օգոստոսին նա որոշում կայացրեց կալանքից ազատել Ռոբերտ Քոչարյանին։

2020 թվականի ապրիլին այդ պահի դրությամբ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի բողոքի հիման վրա Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ հարուցեց Ազարյանի նկատմամբ: ՀՔԾ պետը ոչ կոռեկտ և վիրավորական էր համարել ընդդիմադիր TV5 հեռուստաալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ նիստի ժամանակ դատավորի տված գնահատականը: Ասենք, պատճառը ձևական էր, քանի որ բուն այն փաստը, որ դատավորը կալանքից ազատեց Թավադյանին՝ հերթական անգամ անտեսելով իշխանությունների անթաքույց ցանկությունը, վերջիններիս վրա ազդեց ինչպես կարմիր լաթը՝ ցլի։

«Հույս ունեի, որ չէիք իջնի ՀՔԾ պետի մակարդակին և չէիք քննադատի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»,- հայտարարել էր դատավորն այն ժամանակ: Արդարադատության նախարարությունը համաձայնեց, որ դատավոր Ազարյանը անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել ՀՔԾ-ի ղեկավարի և աշխատակիցների նկատմամբ, և դիմեց Բարձրագույն դատական խորհուրդ: Ազարյանն իր հերթին հայտարարեց, որ ոչ մեկին չի վիրավորել, այլ պարզապես անվանել է իրերն իրենց անուններով։ Ի պատիվ Բարձրագույն դատական խորհրդի, որն այն ժամանակ գլխավորում էր Ռ.Վարդազարյանը, այլ ոչ թե Գ.Ջհանգիրյանը, Արդարադատության նախարարության միջնորդությունը մերժվեց։

Մեկ տարի էլ չէր անցել, երբ նույն դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցեցին է՛լ ավելի մտացածին հիմքով, հարցազրույցներից մեկի ընթացքում Միխայիլ Բուլգակովի ստեղծագործությունից մեջբերած արտահայտության համար. «Մեր երկրի դժբախտությունը կայանում է նրանում, որ մարդիկ, ովքեր պետք է հաբեր ընդունեն, օրենքներ են ընդունում»: Բայց այդ միջնորդությունը նույնպես մերժվեց ԲԴԽ-ի կողմից։

Նշենք, որ Ալեքսանդր Ազարյանը համարվում է Հայաստանի լավագույն դատավորներից մեկը և մի քանի տարի շարունակ, իրավաբանների գնահատմամբ, ճանաչվել է երկրի ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավոր: Նա այսօր էլ առաջատարն է մասնագիտական հարցումներում։

Օրերս հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Վերաքննիչ քրեական դատարանի մեկ այլ դատավորի՝ խիստ հարգված, վարկանիշով Ազարյանին հաջորդող Վազգեն Ռշտունու նկատմամբ, որը մինչև վերջերս զբաղեցնում էր այդ դատարանի նախագահի պաշտոնը։ Ռշտունին հայտարարել է, որ վարույթի հարուցումը սպասելի էր, սակայն միջնորդության բովանդակությունն իրեն դեռ հայտնի չէ։

Վերջին ամիսներին Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի հարուցման «արժանացած» դատավորների շարքում հարկ է նշել նաև Արման Հովհաննիսյանին (Երևանի ընդհանուր իրավասության դատարան): Նրա նկատմամբ քննվել է կարգապահական երկու վարույթ։ Առաջինը՝ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը մերժելու համար, երկրորդը՝ մեր հայրենակից Արտյոմ Ղազարյանին Վրաստանին հանձնելու արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի միջնորդությունը մերժելու համար։ Նախկին նախարարը, ընդգծենք, ընդհանրապես աչքի է ընկնում դատավորների կողմից իր միջնորդության կամ հայցի մերժմանը ցուցաբերվող ծայրահեղ ցավոտ արձագանքով։

Նույն պատկերին ենք ականատես նաև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի պարագայում, որը նույնպես մերժել է Բադասյանի հայցը։ Չնայած այն հանգամանքին, որ 8 տարվա աշխատանքի ընթացքում նա ոչ մի նկատողություն չունի, Արդարադատության նախարարությունը, նեղացկոտ նախկին նախարարի անմիջական մասնակցությամբ, կարգապահական երեք վարույթ է հարուցել Նախշքարյանի նկատմամբ։ Դրանցից երկուսի վերաբերյալ լսումները ԲԴԽ-ում տեղի են ունեցել հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 15-ը, որոշումը կհրապարակվի նոյեմբերի 29-ին: Կցանկանայինք հուսալ, որ խորհրդի անդամներն արդար որոշում կկայացնեն՝ չենթարկվելով գործադիր իշխանության հնարավոր ճնշմանը։ Նման մտավախություններ հնչել են դատավորի և նրա փաստաբանների եզրափակիչ ելույթներում։

Նշենք նաև կարգապահական վարույթը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանի դեմ: Նա նույնպես դասվում է «չվնգստացող», բարձր վարկանիշ ունեցող դատավորների թվին, որոնց վրա դժվար է, եթե ոչ անհնար, որևէ ճնշում գործադրել։ Կարգապահական վարույթ է հարուցել դարձյալ նույն Ռուստամ Բադասյանը՝ ԱԺ նախկին խոսնակ Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Ժիրիկ Սիրեկանյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Ս.Մարաբյանի նախագահությամբ, չեղարկել է Սիրեկանյանին կալանավորելու մասին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ փաստերի հիման վրա, որոնք հաստատում են, որ նա այլ վայրում է եղել: Հոկտեմբեր 25-ին ԲԴԽ-ն մերժեց Արդարադատության նախարարության միջնորդությունը, ինչը լայն հավանության արժանացավ իրավաբանական հանրության կողմից։

Մինչդեռ Կարեն Անդրեասյանը, ինչպես արդեն նշեցինք վերը, «հաջողությամբ» շարունակում է արդարադատության նախարարի պաշտոնում իր նախորդի խայտառակ ավանդույթները: Այժմ հերթը հասել է Վազգեն Ռշտունուն։ Եվ եթե չարաբաստիկ վեթինգը, որի մասին վերջերս կրկին հիշատակեց նախարարը, ընթանա նման չափորոշիչներով, ապա դժվար չէ պատկերացնել, թե ովքեր փոխարինելու կգան արժանապատիվ ու սկզբունքային դատավորներին և ինչ վճիռներ կկայացվեն։

Իշխանության նպատակը, որն իրականացվում է Արդարադատության նախարարության ձեռքերով, ակնհայտ է. հեռացնել համարձակ ու անկախ դատավորներին, դրանով իսկ լիովին իրեն ենթարկելով դատական համակարգը։ Հեռացնել օտարներին, բերել «յուրայիններին»։ Կստացվի՞ արդյոք։