ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ «ՊՐԱԿՏԻԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԵՆ ԱՆՑԵԼ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Այլևս անհնար է չնկատել, որ ՀՀ իշխանությունները նույնիսկ չեն թաքցնում թուրքական շահերը հնարավորինս լիարժեք սպասարկելու իրենց նպատակը, ինչպեսև դրան հասնելու միջոցները։ Փաշինյանն արդեն որերորդ անգամ խորհրդարանում հանդես է գալիս Հայաստանի պետական և ազգային շահերին ակնհայտորեն սպառնացող սեփական գործողությունների ընդունումով, որոնցից յուրաքանչյուրը նորմալ երկրում կձգեր առնվազն քրեական գործի հարուցման։ Սակայն ընդդիմության կտրուկ հայտարարություններից ու սոցցանցերում զայրալից մեկնաբանություններից այնկողմ գործը չի շարժվում, քանզի հայկական շահերը պաշտպանելու և ապահովելու կոչված պետական բոլոր կառույցները ամբողջությամբ ենթարկված են կապիտուլյանտին և առաջնորդվում են ոչ թե Սահմանադրությամբ ու օրենքներով, այլ բացառապես Փաշինյանի հրահանգներով:

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին տարածաշրջանում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները թելադրված են բաղձալի «Զանգեզուրի միջանցքին» հասնելու Բաքվի և Անկարայի ձգտմամբ: Պարզ ասած՝ վերահսկողություն հաստատելու Գորիս-Կապան ճանապարհի վրա, կտրելու Սյունիքը մնացյալ Հայաստանից և հետագայում արդեն սողացող էքսպանսիայի, մեկուսացման և ժողովրդագրական ագրեսիայի միջոցով զավթելու առանցքային հայկական մարզը։ Ալիևը վաղուց արդեն չի թաքցնում իր նպատակները՝ «վերադարձնելու ադրբեջանցիներին իրենց բնիկ տարածք՝ Զանգեզուր», իսկ այնտեղից մինչև Երևան արդեն երկու քայլ է։

Հայաստանի կողմից «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» ճանաչմանը հասնելու ձգտման հետ մեկտեղ (իմա՝ Արցախը դրա կազմում ընդգրկելու համաձայնության), այդ երկու ռազմավարական խնդիրներն այսօր կարևորագույնն են թուրքերի համար, և դրա պատճառները բառացիորեն ընկած են մակերեսին՝ հողի վրա։ Այդ առումով ամեն ինչ հասկանալի է, և որևէ հարցեր չեն կարող լինել։

Հարցը կարող է լինել միայն մեկը. ի՞նչ է անում Հայաստանը՝ իր համար այդչափ աղետալի սցենարը կանխելու համար, և ի՞նչ է հակադրում թուրքական ծրագրերին։ Ավաղ, տվյալ դեպքում հարցը պետք է այլ կերպ ձևակերպել. իսկ ՀՀ իշխանություններն առհասարակ ձեռնարկո՞ւմ են նման քայլեր, թե՞ հակառակը՝ ամեն ինչ արվում է հայ ժողովրդի համար կործանարար այդ ծրագրերի իրականացմանն օժանդակելու ուղղությամբ։ Ահա լոկ մերկ փաստերը։

Այս տարվա ապրիլի 20-ին Ադրբեջանի նախագահը հանդես եկավ հերթական հոխորտանքով և տարածքային նկրտումներով Հայաստանի Հանրապետության հանդեպ: Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքի բացումը լիովին համապատասխանում է Ադրբեջանի ազգային, պատմական և գալիք շահերին», նա հայտարարեց. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, ցանկանա Հայաստանը, թե ոչ ։ Եթե ցանկանա՝ ավելի հեշտ կլինի այդ հարցը լուծել, եթե չուզենա՝ ուժով կլուծենք»։ Դրանից մեկ շաբաթ առաջ՝ ապրիլի 13-ին, Ալիևը նախ հայտարարեց, թե իբր՝ Ադրբեջանը որևէ ռազմական գործողությունների ծրագրեր չունի Հայաստանի հետ սահմանին, ապա ասաց, թե Զանգեզուր (Սյունիքի մարզ) և Իրևան (Երևան) տարածաշրջանը Ադրբեջանի պատմական տարածքներն են։

ՀՀ իշխանությունները, սովորականի պես, ոչինչ չպատասխանեցին լկտիությամբ ու սանձարձակությամբ աննախադեպ այդ հայտարարություններին։ Բայց երկու օր անց՝ ապրիլի 22-ին, 168.am կայքը հրապարակեց սկանդալային տեղեկատվություն։ Հղում անելով իր աղբյուրներին, պարբերականը հաղորդեց, որ Սյունիք կատարած անփառունակ այցի ժամանակ (որի ընթացքում, հիշեցնեմ, առաջին անգամ հնչեց հայտնի «սյունյաց ողջույնը») Նիկոլ Փաշինյանը մարզպետարանում կայացած խորհրդակցության ժամանակ, իր առանձնակի վստահելի անձանց ներկայությամբ, ասել է հետևյալը. «Չեն ուզում Մեղրիի միջանցքը իրենց կամքով, խաղաղ կյանքի դիմաց տան, ուրեմն պատերազմով կվերցնեն»:

Այս խոսքերի և Ալիևի հայտարարությունների միջև նմանությունը չափազանց ակներև է՝ գրեթե բառ առ բառ, որպեսզի անտեսես դա։ Մամուլում և սոցցանցերում բարձրացած աղմուկը, սակայն, որևէ կերպ չդրդեց Փաշինյանի աշխատակազմին հանդես գալ հերքմամբ։ Եզրակացությունը կարող է լինել միայն մեկը. տեղեկատվությունը ոչ միայն համապատասխանում է իրականությանը, այլև միտումնավոր արտահոսք է՝ միանգամայն կոնկրետ նպատակներով։ Այն է՝ հերթական անգամ վախեցնել ժողովրդին պատերազմով և ստիպել համաձայնել Հայաստանի ինքնիշխան տարածքի հերթական զիջումներին։

Այս անգամ՝ Ադրբեջանը Նախիջեվանի հետ կապող, իսկ ավելի լայն իմաստով՝ Թուրքիայի և թյուրքական աշխարհի առջև միանգամից մի քանի ուղղություններով զավթախուժման ճանապարհ բացող արտատարածքային միջանցքի տեսքով։ Ինչն արդեն վերջնականապես խաչ կքաշի Հայաստանի ոչ միայն ինքնիշխանության, այլև գոյության վրա՝ որպես պետություն, չենք խոսում արդեն ցեղասպանության իրական սպառնալիքի մասին՝ դրա ամենատարբեր դրսևորումներով։

Մոտ 2 ամիս անց՝ հունիսի 15-ին, Ալիևը ևս մեկ հայտարարություն արեց. այն մասին, որ Բաքուն «պրակտիկ գործողություններ» է ձեռնարկում «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման ուղղությամբ։

Այժմ՝ հարց։ Հաշվի առնելով Փաշինյանի բազմակի խոստովանություններն այն առնչությամբ, որ ինքը մշտապես դավաճանում է Հայաստանի շահերին և հանձնում տարածքները հանուն չարաբաստիկ «խաղաղության դարաշրջանի», ինչպե՞ս այլ կերպ ընկալել երկրի արևելյան սահմանին նոյեմբերի 16-ին ծավալված իրադարձությունները, եթե ոչ ավանդ և աջակցություն Ալիևի «պրակտիկ գործողություններին»։ Նկատի առնելով տեղեկատվական վակուումը, որով պարուրված են այդ օրվա իրադարձությունները, ըստ էության՝ իրենց բոլոր մանրամասներով. սկսած մարտական գործողությունների կոնկրետ վայրից մինչև զոհերի, վիրավորների, կորցրած դիրքերի ու տարածքների թիվը, ուրիշ ի՞նչ բացատրություն կարող են ունենալ այդ իրադարձությունները, բացի ժողովրդին ահաբեկելու նպատակից՝ Հայաստանի համար այս հերթական աղետալի զիջմանը նույնպես հասնելու համար։

Եվ ի՞նչը կխանգարի Փաշինյանին, կրկին իսկ խորհրդարանական ամբիոնից, հանգիստ հայտարարել, թե ինքը ստիպված է համաձայնություն տալ «միջանցքին», որպեսզի չլինի նոր պատերազմ, նոր կորուստներ, իսկ գլխավորը՝ հանուն հետագա «խաղաղ կյանքի»։