Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը
Նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը. Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է գնդապետ Բորիս Ավագյանը։
Նախատեսվում է, որ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու է սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցը, համաձայնության կետերը, ընդհարումներից խուսափելու մեխանիզմներն ու Բաքվում պահվող գերիների վերադարձի հարցերը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ խոսվում էր, թե կողմերը հանդիպելու են նոյեմբերի 9-ին, ինչը հերքեցին ՀՀ կառավարությունից։ Ավելի ուշ ՌԴ արտաքին գերատեսչությունից հայտնեցին, որ հանդիպումը տեղի է ունենալու տեսակոնֆերանսի տեսքով, հստակեցվում էր միայն օրը։
Նշենք, որ ավելի վաղ հայտարարվեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները համաձայնել են հանդիպել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, ինչին ընդառաջ, փաստորեն, Սոչիի հանդիպումն, այդուհանդերձ, տեղի կունենա։
«Փաստինֆո»-ն փորձում է պաշտոնական աղբյուրներից մեկնաբանություն ստանալ, սակայն առայժմ հեռախոսազանգերին ոչ ոք չի պատասխանում։