ՄԵԿ ԱՆՁԸ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՈՒՄ Է ՄԻ ԱՄԲՈՂՋ ԺՈՂՈՎՐԴԻ
Հունիսի 20-ին ժողովուրդը քվեարկել է Սյունիքը հանձնելու օգտի՞ն
Պաշտպանության նախկին փոխնախարար, մեծամասնության խմբակցության պատգամավոր, գեներալ Գագիկ Մելքոնյանը Հանրային հեռուստաընկերության հաղորդավարի այն ռեպլիկին, որ իշխանությանը մեղադրում են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը տալու մեջ, պատասխանեց խորհուրդով. «Է, գնացեք ու մի՛ տվեք»։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց քլունգ ու բահ վերցնել՝ ամրություններ կառուցելու համար։
Փաշինյանի մերձավոր շրջապատի մարդիկ հրապարակային հայտարարություններ են անում, որոնցից բխում է անմիջական եզրահանգում. պետություն այլևս չկա։ «Գնացեք ու մի՛ տվեք», «գնացեք ու փորե՛ք», բայց ո՞ւր է պետությունը։ Ինչո՞ւ պիտի ինչ-որ մեկը ինչ-որ տեղ խրամատ փորի, երբ հայկական բանակն ունի (համենայնդեպս ուսապարկերի ներխուժումից առաջ ուներ) ինժեներական զորքեր։
Քաղաքացիների նշյալ գործողությունները հնարավոր են միայն իշխանությունների համապատասխան քաղաքականության դեպքում, օրինակ՝ տոտալ զորահավաքի և ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց զորակոչի: Սյունիքի վերջին իրադարձությունների կապակցությամբ ռեժիմի կնքահայրներն ամեն օր կրկնում են, թե իբր՝ հունիսի 20-ին ընտրողները քվեարկել են իշխող ուժի օգտին՝ վարչապետի գլխավորությամբ, ուստի ժողովուրդը սատարում է իշխանությանը: Այդ հայտարարությունների ենթատեքստում դրված է այն թեզը, որ Փաշինյանը հանձնում է Սյունիքը՝ ունենալով «համաժողովրդական» աջակցություն, և եթե Արցախի 75%-ը հանձնելուց ու 5000 հայերի զոհվելուց հետո կրկին ստացավ ընտրողների ձայների մեծամասնությունը, ուրեմն ժողովուրդը նրան օժտել է Սյունիքը հանձնելու իրավունքով։ Մի խոսքով, ամեն ինչ ընթանում է «ըստ ծրագրի»։
Եթե Շուշին հանձնելուց հետո կապիտուլյանտը սահմանափակվեց «դժգույն ու դժբախտ քաղաքի» մասին հայտարարությամբ, ապա Սև լճի շրջան ադրբեջանցիների ներխուժումից հետո նա հայտարարությունների մի ամբողջ տարափ տեղաց։ Եվ ասաց, որ չի կռվի Սև լճի 30%-ի համար, որ ամայի տարածքներում և ձյունածածկ լեռնային բարձունքներում սահմանապահ դիրքեր պետք չեն, և ի լրումն գլուխ գովեց, որ ադրբեջանցիների ներխուժումը տեղի է ունեցել առանց գեթ մեկ կրակոցի։
Իսկապես, մայիսի 12-ին թշնամին մեր երկրի տարածք է ներթափանցել առանց որևէ կրակոցի։ Վարչախումբը կանխավ գիտեր նախապատրաստվող բռնազավթման մասին, ուստի զինվորներին տրվել էր «Չկրակե՛լ» հրաման։ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հայտարարեց, թե իբր՝ ադրբեջանցիները մոլորվել են, իսկ Փաշինյանը ներխուժումն անվանեց «դիվերսիա»։
Նոյեմբերի 17-ին խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, որ նա, ով հրաման է տվել «Չկրակե՛լ», դավաճան է. Այս հայտարարությունն անհնար է գնահատել որևէ այլ կերպ, քան խոստովանական ցուցմունք երկրի ամենաբարձր ամբիոնից։ Մայիսի 12-ից ի վեր տարբեր ուղիներով տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ այդ օրը զինվորներին հրաման է տրվել «Չկրակե՛լ»։ Նույնպիսի հրաման է տրվել, ըստ մի շարք լրատվամիջոցների, նաև նոյեմբերի 14-16-ին, ինչի հետևանքով մենք 4 դիրք ենք կորցրել։ Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը հաղորդեց, որ փոխհրաձգությունը սկսվել է ուշադրություն շեղելու համար, երբ դիրքերն արդեն անցել էին ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելուց անմիջապես հետո Արշակ Կարապետյանի արած այն հայտարարությունը, թե պետական սահմանը խախտողներն այսուհետ կոչնչացվեն, անուղղակի ապացույցն էր այն բանի, որ ադրբեջանցիների ներխուժման պահին և մինչև օգոստոսի 2-ը նման հրաման չի եղել։
«Ընթանում է հանձնման սցենարը…»
«Մայիսի 12-ին Սև լճի շրջանում բացեցին դարպասն առանց գեթ մեկ կրակոցի, թեև օդ արձակած 1-2 նախազգուշական կրակոցը բավական կլիներ մեծ ողբերգությունը կանխելու համար։ Ընթանում է հանձնման սցենարը, հակառակ դեպքում 4 դիրքերը չէին հայտնվի ադրբեջանցիների վերահսկողության տակ», - հայտարարել է Ջամալյանը։
Մեծ հաշվով, կրկնվում է 44-օրյա պատերազմի սցենարը, բայց արդեն Հայաստանի տարածքում։ Սցենարը նախապես համաձայնեցված է Ալիևի և Էրդողանի հետ։ Այլապես 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անցած մեկ տարվա ընթացքում ռեժիմը քայլեր կձեռնարկեր սպառազինությունը համալրելու համար, որն էապես կրճատվել է պատերազմի արդյունքում։
Հայոց պետականության փլուզման («կազմաքանդման») ամենաբացահայտ վկայությունը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն էր այն մասին, որ եթե ռուսները չեն կարողանում օգնության հասնել մեզ (խոսքը նոյեմբերի 16-ի դեպքերի մասին էր), ապա թող գոնե զենքով աջակցեն։ Դա ասում է Անվտանգության խորհրդի քարտուղարը. այն կառույցի, ի դեպ, որում ընդգրկված են պետության բոլոր առաջին դեմքերը։ Այդ պարոնի բանավոր հայտարարությունից հետո պարզվեց, որ Հայաստանը գրավոր խնդրանքով պաշտոնապես չի դիմել Ռուսաստանին ռազմական օգնության համար, թեև նոյեմբերի 16-ին միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ հակառակն էին պնդում։
Սա արդեն սուբյեկտայնության մասնակի կորուստ չէ, սա Հայաստանի՝ որպես պետության, նպատակաուղղված ոչնչացման պատկերն է համաշխարհային հանրության աչքի առջև։ Այս խորապատկերին ռեժիմի քարոզչամեքենան հիմարացնում է ժողովրդին ապատեղեկատվությամբ, թե Բայդենը, իբր, Փաշինյանին հրավիրել է ԱՄՆ։ Իրականում խոսքն ընդամենը առցանց կոնֆերանսին մասնակցելու մասին է, որին հրավիրված են ևս 120 երկրների ղեկավարներ։
Արժե՞ արդյոք զարմանալ, եթե ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, որն առավել հայտնի է որպես «դիջեյ Էդո», նոյեմբերի 16-ին ադրբեջանական ագրեսիայի թեժ պահին հայտարարում է 15 մարդու մահվան մասին՝ խուճապ առաջացնելով հասարակության շրջանում: Հայաստանն այնքան է հեռացել «պետություն» հասկացությունից, որ ցանկացած «դիջեյ» կարող է խուճապ սերմանել, Արտաքին գործերի նախարարությունը կարող է ղեկավարել Թուրքիայի նախկին գործակալը, իսկ Պաշտպանության նախարարությունը՝ քրեական անցյալ ունեցող մարդը։
Եթե 44-օրյա պատերազմում կրած պարտությունը ռեժիմը փորձում է բարդել բանակի և բարձրագույն հրամանատարական կազմի վրա, ապա Սյունիքի հանձնման մեղավոր կնշանակեն նրանց, ովքեր «չգնացին ու չխանգարեցին», «քլունգ ու բահ չվերցրեցին՝ բռնազավթված տարածքներում խրամատներ փորելու համար»։ Իրականում մենք մեղավոր ենք լոկ նրանում, որ դեռևս շարունակում ենք թույլ տալ մեզ պատրանքներ տածելու շքեղությունը, համարելով, թե մեր թիկունքում պետություն կա…
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի կանխատեսումներով՝ «ձմռան ամիսներին նոր սադրանքներ կլինեն ադրբեջանցիների կողմից, իսկ գարնան սկզբին պետք է սպասել լայնածավալ ռազմական գործողությունների»: Այն փաստը, որ նոյեմբերի 16-ին սադրանքի ընթացքում գործի են դրվել գրեթե բոլոր զինատեսակները, բացի օդուժից, կասկած չի թողնում, որ Ալիևը կշարունակի ռազմական լուծման ուղեգիծը։ Երեկ նրան Արցախն էր պետք, այսօր կռիվ է տալիս Սյունիքի համար։
Նրա ծրագրերին կարելի է դիմակայել միայն մեկ եղանակով. դուրս գալ և պահանջել Փաշինյանի հրաժարականը։ Սա է պետությունը վերադարձնելու միակ միջոցը։ Հայաստանում և Արցախում 3,5 տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները բնութագրվում են այն արտահայտությամբ, որով վերնագրված է այս նյութը. մեկ անձը պետականությունից զրկում է մի ամբողջ ժողովրդի…