Կրեմլը հաստատեց. Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումը կկայանա Սոչիում նոյեմբերի 26-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին Սոչիում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բացի եռակողմ բանակցություններից, առանձին բանակցություններ կանցկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կուրվագծեն Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ «Նախատեսվում է քննարկել երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք էին բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին, ինչպես նաև կուրվագծվեն Ղարաբաղում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման հետագա քայլերը։ Առանձնահատուկ ուշադրություն կհատկացվի առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման և զարգացման հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am։