«Ժողովուրդ». ՄԵՐ ԴԱՇԻՆՔԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՔԱՆ ՄԵԶ, ԱՅՆՔԱՆ ԷԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ Է ԿԱՐԵՎՈՐ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն այն տեսակետին է, որ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում ռուսական ներկայությունը զսպում է Ադրբեջանի ագրեսիան։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով տեսակետին, թե ռուսական զորքերը շուտով նաև Սյունիքում կարող են հայտնվել, նշել է՝ ռուսական զորքերը Հայաստանի հարավում մինչև նոյեմբերի 16-ի դեպքերն էլ ներկա էին։

«Ինչ վերաբերում է կոնկրետ այդ զարգացումներին, ապա դրանք կարող էին չլինել, եթե ոչ թե շոու անելով ու քաղաքացիներին հիմարի տեղ դնելով՝ օգնություն խնդրեին ՌԴ-ից, այլ ուղիղ կապով կապվեին ռուսական 102-րդ ռազմաբազային, ստանային անհրաժեշտ աջակցությունը և կանխեին հարձակումը», - շեշտել է ռազմական փորձագետը։

Հարցին, թե եթե ՌԴ-ն Սյունիքում շատ ավելի վաղուց է ներկայացված, դա արդյոք ինքնիշխանության խարխլում չէ նշանակում, Ջամալյանը անկեղծորեն է արձագանքել.

«Իհարկե, պետք է անկեղծ լինել ու ասել այդ մասին։ Բայց երբ ամեն անգամ խոսում եմ ռուսական գործոնի ազդեցության մասին, դրան զուգահեռ մշտապես շեշտում եմ, որ անգամ շատ թուլացած վիճակում Ռուսաստանի հետ դաշնակիցներ ենք, որովհետև մեր դաշինքի նշանակությունը որքան մեզ, այնքան էլ ռուսական կողմի համար է կարևոր»։

Aysor.am