Դեսպան. Հայաստանը կարող է կարևոր դեր խաղալ Իրանի և ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում
Հայաստանը՝ որպես Եվրասիական տնտեսական միության անդամ, որպես Միության շուկայի անդամ, կարող է կարևոր դեր խաղալ Իրանի և ԵԱՏՄ համագործակցության զարգացման գործում։ Այս մասին նոյեմբերի 24-ին Երևանում «Եվրասիա-21» առաջին միջազգային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսի բացման կապակցությամբ իր ելույթում հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրին։
Ըստ նրա՝ Հայաստանն այս տեսանկյունից մեծ ներուժ ունի. «Իրանը, հաշվի առնելով իր ներուժն ու կարողությունները, քայլեր է ձեռնարկում, օրենսդրական փոփոխություններ է իրականացնում ապրանքների արտահանման ազատականացման ուղղությամբ։ ԵԱՏՄ անդամ երկրները նույնպես կարող են շահել համագործակցության մակարդակի բարձրացումից»,- ասաց դեսպանը, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը։