«ՄԵԶ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐԸՆԹԱՑ ԶԱՐԳԱՑՈՒՄ»

Խոշտանգում՝ ստով

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին ստի 44 օրերը հիմնովին ու տևականորեն խարխլեցին հայ հասարակության վստահությունը պաշտոնական տեղեկատվության նկատմամբ: Մայիսի 12-ին Սյունիքի մարզ զավթիչների ներխուժման մասին հասարակությունը տեղեկացավ «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին մարզպետ Վահե Հակոբյանից: Նրա խոսքերից հայտնի դարձավ նաև զավթած դիրքերում օկուպանտների տեղակայման մասին։ Գործող մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը պնդում էր, թե ադրբեջանցիները «մոլորվել են»։ Ասենք, վերջինս մարզպետ է դարձել «հեղափոխությունից» հետո, իսկ մինչ 2018-ի ապրիլ ամիսը Մելիքսեթը հովիվ էր։

Դատելով սոցցանցերում օգտատերերի արձագանքից, հիմնավոր վերստուգման են ենթարկվել պաշտոնական հաղորդագրությունները նոյեմբերի 14-16-ի իրադարձությունների վերաբերյալ, որոնց արդյունքում մենք կորցրել ենք ռազմավարական կարևորության 4 դիրքեր, որոնք թշնամու առջև ճանապարհ են բացում դեպի Սիսիան: Պաշտոնական ատյանների այն հայտարարությունից անմիջապես հետո, թե «դիրքային պատերազմին» հաջորդել է հարաբերական անդորրը, ահազանգ ստացվեց Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ հայկական դիրքերի գնդակոծման մասին, ինչի հետևանքով զոհվեց ժամկետային 19-ամյա զինծառայող:

Մարդիկ չեն հավատում, թե իշխանությունը շահագրգռված է նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում անհայտ կորածների որոնման և գերեվարվածների վերադարձի հարցում: 44-օրյա պատերազմում գերեվարվածների և անհայտ կորածների ծնողները չեն հավատում, թե ռեժիմը ջանքեր է գործադրում իրենց որդիներին վերադարձնելու և գտնելու ուղղությամբ: Հիշո՞ւմ եք Փաշինյանի այն արտահայտությունը, թե գերիները կարող են և համբերել 1-2 ամիս։ Իսկ հայ զինվորների աճյուննե՞րը՝ ամառվա շոգին պոլիէթիլենային պարկերով նետած դիահերձարանի հատակին։ Իսկ իսրայելական դրոննե՞րը Հանրապետության հրապարակի գիշերային երկնքում՝ անկախության 30-ամյակի տոնակատարության օրը: Զոհված զինվորների ծնողները նայում էին դրանց Եռաբլուրի բարձունքից՝ հասկանալով, որ նույնպիսի դրոններ են սպանել իրենց երեխաներին 44-օրյա պատերազմի ժամանակ…

2018-ի գարնան իշխանափոխությունից հետո ռեժիմը բառացիորեն խեղդեց հայ հասարակությանը ստի մեջ։ Սկզբում ժողովրդին խոշտանգում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մի խումբ անձանց կողմից 2008-ի մարտի 1-ին սահմանադրական կարգի տապալման մասին ստերով, միաժամանակ թլսորելով շարքային քաղաքացիների գլուխը հայրենական արտադրության մեքենաների և կենցաղային տեխնիկայի ձեռնարկությունների շուտափույթ բացման մասին հեքիաթներով։ Այնուհետ հիմարացնում էին հասարակությունը այն թեզով, թե բանակցությունների արդյունքներով ձեռք բերված որոշումը «պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար», հետո հարբած Փաշինյանը ուղիղ եթերում սպառնաց նրանց, ովքեր կհամարձակվեն կասկածի տակ առնել գերագույն գլխավոր հրամանատարի իր հմտությունները։

Խայտառակ կապիտուլյացիայից հետո նա ստեց երկրի ամենաբարձր ամբիոնից, թե բանակցությունների ընթացքում պետության նախկին ղեկավարները շոշափել են Շուշին հանձնելու թեման։ Կապիտուլյանտի այդ սուտը հերքեց Հայաստանի ԱԳՆ-ն, հաղորդելով, որ Շուշիի թեման բանակցությունների ընթացքում չի շոշափվել ոչ մի անգամ

Փաշինյանի ստերի անթոլոգիան լի է հարյուրավոր հրեշավոր օրինակներով, սակայն յուրաքանչյուր իշխանություն վստահության իր լիմիտն ունի և մի օր այն սպառվում է։ Չնայած քարոզչությունն ուժգնացնելու համար ձեռնարկվող աննախադեպ միջոցներին՝ նոյեմբերի 16-ից հետո ռեժիմը, ըստ էության, զուր է կոկորդ պատռում. Փաշինյանին հաստատ չեն հավատում նույնիսկ սեփական թիմի անդամները։ Բոլորն էլ հասկանում են, որ ցանկացած պահի կարող են հայտնվել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի վիճակում, որը սպասում էր նոր նշանակման, իսկ փոխարենը ստացավ բանտախուց։ Տոնոյանը շատերին է ասել, որ իրեն նոր պաշտոն են խոստացել։ Ստացվում է, որ Փաշինյանը նրան էլ խաբեց, մինչդեռ ժամանակին ամենամտերիմ թիմակիցներ էին…

Ընդդիմադիր ուժերը պատրա՞ստ են համախմբման

Հիմքեր կան ենթադրելու, որ համատարած անվստահության մթնոլորտը շատ շուտով կփոխարկվի զանգվածային նոր ակցիաների՝ ռեժիմի հրաժարականի պահանջով։ Նոյեմբերի 22-ին մեկնարկել են վերկուսակցական «Ազատագրական շարժման» ակցիաները՝ ժողովրդին այն փաստաթուղթը ներկայացնելու պահանջով, որը Փաշինյանը մտադիր է ստորագրել, և որը միանգամայն ընդունելի է համարում հայկական շահերի տեսանկյունից: Նոյեմբերի 23-ին ակցիաները շարունակվեցին Հանրապետության հրապարակում և մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Կազմակերպիչների դերում հանդես են եկել «5165» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը, «Զարթոնք» կուսակցության առաջնորդ Արա Զոհրաբյանը, «Կամք» շարժման առաջնորդ Վահագն Չախալյանը, խորհրդարանի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը և այլք:

Խորհրդարանի առջեվ «Ազատագրական շարժման» ակցիային աջակցեցին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները: Ստորագրման պատրաստ փաստաթուղթը հրապարակելու պահանջի հետ մեկտեղ, մասնակիցները բարձրաձայն հնչեցնում էին անառարկելի ճշմարտությունը, որ ռեժիմի պարագլուխը մշտապես ստում է, և նրան չի կարելի հավատալ…

Չնայած մասնակիցների ոչ մեծ թվաքանակին՝ «Ազատագրական շարժման» ակցիաները վկայում են, որ հասարակության ակտիվ հատվածը պատրաստ է փողոցային պայքարի։ Պատգամավոր Վահե Հակոբյանի կանխատեսմամբ՝ «մեզ սպասվում է իրադարձությունների սրընթաց զարգացում, շատ շուտով իրավիճակը շեշտակի կփոխվի, ինչին մեծապես կնպաստի Դիմադրության շարժումը, որը մեր աչքի առաջ համաժողովրդական մասշտաբներ է ստանում»:

Այդուհանդերձ հարկ է նշել, որ նոյեմբերի 22-23-ի ակցիաների կազմակերպիչները կապ չունեն Դիմադրության շարժման հետ, նրանք իրենց անվանում են ազգային-ազատագրական պայքարի մասնակիցներ և, ինչը ցուցանշական է, շեշտը չեն դնում Փաշինյանի հրաժարականի պահանջի վրա... Լոկ առա՞յժմ:

Փաշինյանը հասկանում է, որ իր իշխանությունը մազից կախված է

Աճող լարվածությունն ինչ-որ կերպ լիցքաթափելու համար ռեժիմի քարոզչամեքենան շրջանառության մեջ է դրել թարմ թեզն այն մասին, թե Ռոբերտ Քոչարյանն ու ՀՅԴ-ն հայ ժողովրդին տանում են պետականության կորստի ճանապարհով՝ դեպի Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն։

Հակակոռուպցիոն կոմիտեում Սերժ Սարգսյանի հարցաքննությունը՝ որպես մեղադրյալի, ևս մեկ ապացույցն էր այն փաստի, որ ռեժիմի պարագլուխը փորձում է երկրորդ անգամ խաղարկել երկրորդ և երրորդ նախագահների խաղաքարտը։ Այս փորձը վկայում է այն մասին, որ Փաշինյանն իրեն լիովին հաշիվ է տալիս, որ իր իշխանությունը մազից է կախված։ Կապիտուլյանտը խուճապահար է, գիտակցելով, որ այն խաղը, որում իրեն հատկացված էր «հարբած ծաղրածուի» (Ալիևի բնորոշումը) և թուրք-սորոսական խամաճիկի դերը, մոտենում է ավարտին:

Պատահական չէ, որ Փաշինյանի աչքին դավադրություններ են երևում, իսկ ԶԼՄ-ներ արտահոսած տեղեկությունները ՊՆ աշխատակիցների հարցաքննության մասին՝ նրանց խոսակցությունների գաղտնալսումից հետո, լոկ ամբողջացրեց կապիտուլյանտի դիմանկարը՝ 7 մլն դոլար արժողությամբ գաղտնալսող սարքի գնման խորապատկերին։

Նիկոլին այնքան է զայրացրել այն, թե ինչ են իր մասին խոսել ու ինչպես են իրեն անվանել Պաշտպանության նախարարության աշխատողները, որ հրամայել է «բացատրական» աշխատանք տանել նրանց հետ։ Աշխատակիցներին կանչել են ուր որ հարկն է և պահանջել հրապարակավ հրաժարվել իրենց արտահայտություններից։ Այս փաստը հայտնվեց ԶԼՄ-ների էջերում, նախարարությունից հաջորդեց հերքումը, որին ոչ ոք չհավատաց։ Արծրուն Հովհաննիսյանի ստերից հետո ՊՆ-ի հաղորդագրություններին հավատում են միայն այն դեպքում, եթե դրանք հաստատվում են այլ աղբյուրներից ստացվող տեղեկությամբ: Ասում են, որ այդ գերատեսչությունը դեռևս փնտրում ու չի կարողանում մամուլի նոր խոսնակ գտնել իր համար

Основная тема:
Теги: