ՀՅԴ․ 70 հայկական Երիտասարդական կազմակերպություններ միացել են Դիմադրության շարժմանը
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակը հաղորդում է, Արցախի և սփյուռքի ավելի քան 20 երկրներում գործող երիտասարդական, ուսանողական, մարզական, եկեղեցական, հասարակական-քաղաքական և մշակութային 70 միություններ և կազմակերպություններ, միանում են Հայաստանի մեջ թափ առած դիմադրության շարժմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից:
Ստորագրահավաքը շարունակվում է, դիմադրության շարժման միացող կազմակերպությունները կարող են դիմել իրենց շրջանի ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական Միություններին:
«Հաշվի առնելով, հայկական պետության կործանման վտանգը ու Արցախի և Սյունիքի կորուստը կասեցնելու հրամայականը՝ Հայ Երիտասարդությունը դիմում է համազգային դիմադրության, որը հետևողական պայքարի շնորհիվ առաջացնելու է երկար սպասված արժեհամակարգային հեղափոխությունը։
Նկատի ունենալով,
• թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որ միտում ունի մեկընդմիշտ տարածաշրջանի քարտեզից ջնջելու Արցախի ու Հայաստանի Հանրապետությունները,
• ՀՀ ապազգային, դավադիր իշխանությունների ընթացքը, որն առաջնորդվում է միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու քաղաքականությամբ,
• Հայաստանի Հանրապետության ներքաղաքական փակուղին և այն իրականությունը, որ ՀՀ Ազգային ժողովում ընդդիմության ծավալած գործունեության կողքին անհրաժեշտ է դիմել բազմաճակատ պայքարի՝
Հայ երիտասարդությունը որոշել է չհարմարվել այս իրականությանը, այլ՝ մեկնարկել համազգային երիտասարդական դիմադրության շարժում՝ պայքարի հինգ հիմնական ճակատներով․
1. Ամենուրեք թափ հաղորդել հակաթուրք և հակաադրբեջանական պայքարին,
2. Գերտերություններին հասցնել այն պատգամը, որ իրենց ծրագրերը չեն կարող իրականացնել Հայաստանի և հայության ազգային-պետական շահերի հաշվին,
3. Կտրուկ քայլերով մերժել ՀՀ իշխանությունների պառակտող ու պետականակործան քաղաքականությունը,
4. Պայքարել Արցախը հայաթափելու, այն ՀՀ-ից ու Սփյուռքից անջատելու ադրբեջանա-թուրքական փորձերի և Սյունիքից արտագաղթի հոսանքի դեմ․
Սիրելի՛ երիտասարդներ,
Կոչ ենք ուղղում բոլորիդ՝ միանալ այս շարժմանը այս ճակատագրական օրերին, բոլորս՝ իրավունք չունենք մատնվելու հանցավոր անգործության։ Զարթոնքի և ազգային անկումը վերելքի վերածելու պահը հիմա՛ է»,- նշված է հայտարարության մեջ:
Հայտարարությունը ստորագրող կազմակերպությունների ցանկը՝ այստեղ, տեղեկացնում է News.am-ը: