Շուռնուխ և Որոտան գյուղերի տեղահանված բնակիչներին տրվող աջակցությունը չի դադարեցվի

Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի այն բնակիչներին, որոնց տները մնացել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում, ՀՀ կառավարությունը կշարունակի աջակցություն տրամադրել։

Այս մասին որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով։

Նախարարության ներկայացրած նախագծով` իրենց տունն ու հողամասը կորցրած ու այժմ Հայաստանի այլ տարածքներում ժամանակավորապես բնակություն հաստատած ընտանիքներին տրամադրվող աջակցությունը երկարացվում է ևս 5 ամսով։

Շուռնուխի ու Որոտանի տեղահանված բնակիչներին, 2021 թվականի փետրվար-հուլիս ամիսներին կառավարության որոշմամբ, տրամադրվել է 300 000 դրամ (ընտանիքին), ընտանիքի յուրաքանչյուր չափահաս անդամին` ևս 68 000 դրամ։ Այս աջակցությունը հուլիսին դադարեցվել էր, բայց քանի որ հիշյալ անձինք դեռ հնարավորություն չունեն իրենց գյուղերը վերադառնալու, որոշվել է աջակցության ժամկետը երկարացնել ևս 5 ամսով` օգոստոսից մինչև դեկտեմբեր:

Սյունիքի մարզպետարանից ստացված ցուցակների համաձայն` աջակցություն շահառուների ցուցակում ընդգրկված է 43 անձ։ Նախկինում աջակցություն ստացած մեկ սյունեցի հոկտեմբերին մահացել է, տեղեկացնում է Sputnik Արմենիա։