Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որոշել է չմասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստին, որի օրակարգում ներառված է հիմնադրամի կողմից ՀՀ կառավարությանը փոխանցված և աուդիտորական ընկերության կողմից չհաստատված ծախսերի ծախսագրման հաստատումը: Քոչարյանն իր որոշման մասին հայտնել է Facebook–ում։

«Հաշվի առնելով ԱԺ–ում այդ հարցով ստեղծված և այդ փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը` գրություն եմ ուղարկել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ օրակարգի այդ հարցի քննարկումը հետաձգելու առաջարկով, որին արձագանք այդպես էլ չի եղել: Գրություն եմ ուղարկել նաև Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության և պետական այլ մարմինների ներկայացուցիչներ չհանդիսացող անդամներին՝ նույն առաջարկով»,– գրել է նա։

Ըստ Քոչարյանի` համահայկական հիմնադրամի` նման ձևով աուդիտի հաստատումն անդառնալի վնաս կհասցնի համահայկական կառույցի համբավին և հետագա գործունեությանը:

«Նման միջոցառման մասնակցելու և փաստացիորեն դրան հանցակից դառնալուն արդարացում չկա: Իմաստ չեմ տեսնում մասնակցել մի նիստի, որը վնասելու է համահայկական կառույցին և մեր ազգային նպատակների իրագործմանը»,– եզրափակել է Քոչարյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը նախատեսված է նոյեմբերի 27-ին։