Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից

Ադրբեջանում զինծառայողներին կարգելվի օգտվել սոցցանցերից՝ համաձայն «Զինծառայողների կարգավիճակի մասին» նոր օրինագծի, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ երևույթին, արգելքը պայմանավորված է նրանով, որ ադրբեջանցի զինծառայողները սոցցանցերում հրապարակել են հսկայական քանակությամբ նյութեր, որոնք հիմք են հանդիսացել Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում կատարված հանցագործությունների փաստերի վերաբերյալ քրեական գործերի համար։

Օրինագիծը նախատեսում է նաև քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, կրոնական կազմակերպություններին և արհմիություններին անդամակցելու, հավաքներին, ցույցերին, փողոցային երթերին և պիկետներին մասնակցելու, ինչպես նաև գործարար գործունեություն, քաղաքական և կրոնական քարոզչություն իրականացնելու, հրամանատարների հրամանները քննադատելու և քննարկելու, առանց հրամանատարների թույլտվության ԶԼՄ-ներին հարցազրույց տալու արգելք, տեղեկացնում է News.am։