ՀՀ դպրոցներին ավելի քան 9 հազար գիրք է փոխանցվել.«Մոսկվայի տան» աշխատանքի արդյունքները

7-14 տարեկան մեկուկես հազար երեխաներ վերջին երկու տարվա ընթացքում ռուսաց լեզվի երկամսյա դասընթացների մասնակից են դարձել: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հայտարարել Է «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը՝ ամփոփելով կառույցի աշխատանքի արդյունքները։

Նրա խոսքով՝ «Մոսկվայի տան» գործունեությունը բազմապրոֆիլ է և ուղղված է երկու ժողովուրդների պատմամշակութային արժեքների հանրահռչակմանը:

«Առաջնահերթությունը մշակութային, կրթական և մարդասիրական միջոցառումների իրականացումն է»,-ասաց Կարապետյանը:

2019 թ-ից սկսած «Մոսկվայի տունը» 7-14 տարեկան երեխաների համար ռուսաց լեզվի ուսուցման ծրագիր է գործարկել Հայաստանի 25 քաղաքներում: Նախագիծն ուղղված է ռուսաց լեզվի առաջխաղացմանը, Հայաստանում ռուսական մշակույթի տարածմանը։

2021 թ-ի հոկտեմբերի 1-ից մշակութային-կրթական ռուսական կենտրոնների հիման վրա Ռուսաստանի պատմության ուսումնասիրության դասընթացներ են բացվել։

Կարապետյանն ընդգծեց ռուսական կենտրոնների բացման փաստը։ Առաջինը սկսել է գործել Երևանում, 2020 թվականին։ Այժմ նմանատիպ կենտրոններ գործում են Արմավիրում, Վանաձորում, Վայոց Ձորում։

«Մինչև 2021 թ-ի ավարտը «Ռուսական կենտրոն» կբացվի Իջևանում, նախատեսվում է նման կենտրոն բացել նաև Գեղարքունիքի մարզում»,-պարզաբանեց Կարապետյանը:

Բացի այդ, միայն վերջին երկու տարիների ընթացքում «Մոսկվայի տունը» Հայաստանի 16 դպրոցներին 9 հազար դասագիրք է փոխանցել ռուսական դասարանների համար, ինչպես նաև 7 հազար անվանում գեղարվեստական գրականություն՝ քաղաքային ու դպրոցական գրադարաններին:

Կազմակերպությունը նաև կրթաթոշակ է սահմանել Ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողների համար: Այս տարի այն ստացել են Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները:

2007 թվականից ի վեր իրականացվում է Մոսկվայի քաղաքապետի ծրագիրը, որի շրջանակներում ներկայումս Հայաստանի 6 բուհերի 15 ուսանողներ կրթաթոշակ են ստանում:

«Մենք կընդլայնենք ռուսաց լեզվի անվճար դասընթացների և ռուսական նոր կենտրոնների աշխարհագրությունը։ Վստահ եմ, որ իրականացվող նախագծերը՝ «Կարդում ենք ռուսական պոեզիա», «Հայկական ռոմանսիադի մրցույթը», թափ են հավաքելու»,-ասել է Կարապետյանը։

Նա նշեց, որ կենտրոնը կշարունակի ավելի ակտիվ աշխատել շրջանների հետ։

Նախատեսվում է Մոսկվայի օրվան նվիրված միջոցառում, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված «Ռուսական վայրերը Հայաստանում» ալբոմի թողարկում:

«Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը հիմնադրվել է Հայաստանում 2007թ.-ին: Այն Մոսկվայի և Երևանի միջև մշակութային և գործարար համագործակցության աջակցության կենտրոն է։