ԵՐԿԻՐԸ ՄԻՋԱՆՑԻԿ ՀԵՏՆԱԲԱԿԻ ՎԵՐԱԾՈՂԸ

Քանի որ Նիկոլ Փաշինյանի ասուլիսային պարզունակ հարցադրումներին ո՛չ Ալիևը, ո՛չ էլ Էրդողանը չպատասխանեցին, թերևս հարկ է նրանց նախկին ելույթներն ու գործողությունները քննելով՝ պատասխաններ հուշել Փաշինյանին։ Միգուցե նա բարեխիղճ մոլորության մեջ է, հավկուրություն ունի, կամ մեկ այլ խնդիր, որը թույլ չի տալիս տեսնելու այս երկու պետությունների՝ Հայաստանին ուղղված քաղաքականության լույսն ու ստվերը։

Ի գիտություն Փաշինյանի՝ նույնիսկ բուն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելով և այդ երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ Հայաստանի դեմ պատերազմը չի ավարտվելու։ Այդ երկրին արդեն ոչ թե Արցախը, այլ հենց Հայաստանն է հետաքրքրում, նախևառաջ հարավը՝ Վայոց ձորն ու Սյունիքը։ Այս երկրամասերն Ալիևին պետք են առանց հայերի՝ որպես թյուրքական աշխարհի կապակցող օղակ, իսկ Էրդողանն էլ՝ որպես ծրագրի կնքահայր, ամեն ինչով աջակցում է կրտսեր եղբորը։ Այս անգամ, սակայն, հայաթափումը կարվի ոչ թե պատերազմի, այլ տևական ահաբեկման, սպառնալիքների, շրջափակման, տնտեսական էքսպանսիայի, հոգեբանական տեռորի և այլ միջոցներով։

Զավթված Արցախի պատմությունը զրոյից սկսելու թշնամական փորձերը բնականաբար իսպառ ջնջելու են հայկական բոլոր հետքերն այդ երկրամասից՝ ադրբեջանականացնելով նույնիսկ անհնարինը։ Իբր մեկ միլիոն փախստականների վերադարձի մասին մտացածին թեզը պարզապես ծիծաղելի է թվում՝ հաշվի առնելով, որ 1989-ի համամիութենական մարդահամարի տվյալներով՝ ԼՂԻՄ-ում ընդամենը մոտ 40 հազար ադրբեջանցի էր ապրում, մինչդեռ հայերի թիվը հասնում էր 150 հազարի։

Արցախի ամբողջական և փաստաթղթավորված զավթմանը՝ սահմանազատման մասին պայմանագրի տեսքով, հաջորդելու է դրա արագ տնտեսական յուրացումն ու անխնա շահագործումը։ Որոշ տվյալների համաձայն՝ Արցախի ընդերքում ուրանի պաշարներ կան, և Բաքուն հեռահար նպատակ ունի այն հայտնաբերելու, ապա և միջուկային էներգիայի վերածելու։ Քանի որ Էրդողանն էլ վերջին շրջանում մի քանի անգամ խոսել է միջուկային տերություն դառնալու նպատակի մասին, սա պետք է ահազանգ լինի տարածաշրջանային տերությունների, նախևառաջ՝ Ռուսաստանի և Իրանի համար։

Հատկապես Իրանի հետ Հայաստանի գործակցության ցածր մակարդակը սարսափելի խնդրահարույց է։ Այն ֆոնին, երբ ԱՄՆ ռազմավարական դաշնակից Իսրայելն Ադրբեջանի տարածքը վերածել է հակաիրանական առանցքի տարածաշրջանային հենակետի, Երևանը Թեհրանի հետ կարող էր առավել քան համադրված աշխատել ընդհանուր շահի շուրջ։ Ադրբեջանում իսրայելական հետախուզության ակտիվությունը, արբանյակային միջոցների ներգրավումը վկայում են, որ Իսրայելը հետազոտում է իսլամական հանրապետության տարածքը և ընտրում հնարավոր հարվածների պոտենցիալ թիրախներ։

Մյուս կողմից՝ պատերազմից հետո «օդից կախված» բազում տվյալներ հրապարակվեցին այն մասին, որ բրիտանական գաղտնի հետախուզական ծառայությունը՝ «Մի-6»-ը, ակտիվորեն գործակցում է Թուրքիայի հատուկ ծառայությունների հետ և փաստացի ներգրավված է Արցախի դեմ 44-օրյա պատերազմին։ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն առանձնահատուկ կարևորել էր տարածաշրջանի նավթամուղերի անվտանգության հարցը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ երկրի մշտական ներկայացուցիչը տապալել էր Արցախի հարցով քննարկման անցկացումն ու բանաձևի ընդունումը:

Արտաքին քաղաքական նման հանգամանքները պետք է որ Հայաստանին ստիպեին պրոակտիվ լինելու բազմակողմ և երկկողմ դիվանագիտության մեջ, տարբեր միջազգային կազմակերպություններում և դատական ատյաններում, Սփյուռքի ներգրավմամբ նախաձեռնելու տեղեկատվական արշավներ աշխարհի տարբեր երկրներում։ Փոխարենը՝ մեր այսօրվա հարացույցը կարծես լուռ համակերպումն է, ամեն գնով պատերազմից խուսափելն ու նվաստացուցիչ խաղաղություն մուրալը՝ նորանոր զիջումների գնով, միով բանիվ՝ երկիրը միջանցիկ հետնաբակի վերածելը։