ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Երևանին և Բաքվին երկխոսություն սկսել բոլոր ձևաչափերում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին «լուծել հակասությունները երկխոսության ճանապարհով բոլոր ձևաչափերում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»։ Գուտերեշի դիրքորոշումը փոխանցել է կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը վերահաստատում է ՄԱԿ-ի սկզբունքային դիրքորոշումը, այն է՝ «տևական խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն երկխոսության միջոցով, և կողմերին կոչ է անում մնացյալ հարցերը լուծել բոլոր հասանելի ձևաչափերով, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:

«ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել բոլոր նման ջանքերին, այդ թվում՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու, վերականգնմանն ու խաղաղաշինությանն օգնելու ճանապարհով», - նշել է Հաքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Սոչիում նոյեմբերի 26-ին կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն են տարածել։

Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց է ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևել են երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդել է Պուտին–Փաշինյան առանձնազրույցը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։