Վահրամ ՄԻՐԱՔԸԱՆ․ Ո՞Ր ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒԿԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Իշխող կուսակցության պատգամավորները քննարկում են բացել հայկական շուկան թուրքական ապրանքների համար: Փակվել էր մոտ մեկ տարի առաջ, Թուրքիայի թշնամական գործողությունների արդյունքում: Հիմա երևի Թուրքիան էլ թշնամական չի տրամադրված հա՞, դադարեցրել է Հայաստնի շրջափակումը, չի աջակցում Ադրբեջանին, էլ չի՞ ուզում մեզ ոչնչացնի: Ասածս էն է, որ անցյալ տարվանից հետո ըստ էության բան չի փոխվել, մենակ ռազմական գործողություններն են պասիվացել, բա էլ ո՞ր տրամաբանությամբ են մտածում բացել Հայկական շուկան թուրքականի նկատմամբ:
Հարցին նայենք կետերով.
1. Թուրքիան շարունակում է զենք մատակարարել Ադրբեջանին, որն այդ զենքով սպանում է մերոնց, թե խաղաղ բնակչությանը, թե զինվորներին:
2. Թուրքիան շարունակում է ցեղասպանության քաղաքականության տրամաբանությունը, բոլոր ուղղություններով: 1915 թվականից մինչև հիմա որևէ ռազմավարական փոփոխություն Թուրքիայի պահվածքում չկա, կան մարտավարական փոփոխություններ՝ հայերի ակտիվ սպանությունները ժամանակ առ ժամանակ դադարում են, հետո՝ սկսվում:
3. Թուրքական զինվորականներն ուղիղ մասնակցություն են ունենում Հայաստանի դեմ Ադրբեջանի գործողություններին:
4. Տեղական արտադրողները հազիվ սկսել էին շնչել, թուրքական մեծ մրցակիցների դուրս գալու արդյունքում, մեծացրել էին արտադրությունները, ներկրել էին նոր հաստոցներ, ընդունել էին նոր աշխատողների և այլն: Թուրքական ընկերությունները վերադառնալուց հետո դեմպինգով փորձելու են հետ խլել շուկան ու մեծ վնասներ կհասցնեն դեռ ամրանալ չհասցրած հայկական ընկերություններին:
5. Թուրքական ապրանքով աշխատող շատ հայկական ընկերություններ սննկացան, գոնե գիտեինք հանուն ինչի, մյուս մասն էլ արդեն գտել են այլընտրանքային տարբերակներ, հիմա ապրանքների ներկրումը թույլատրելն արդեն չի փրկի առաջիններին, ինչպես նաև առանձնապես չի օգնի երկրորդներին:
6. Մեր տնտեսությունն արդեն հարմարվել է առանց թուրքական ապրանքների գոյությանը, մասամբ փոխարինելով հայկականով, իրանականով կամ չինականով: Որոշ դեպքերում դա բերել է գների բարձրացման, որոշ դեպքերում՝ ապրանքների փոխարինման այլ տարբերակներով, բայց ամենակարևորը՝ շատ հայկական ընկերությունների զարգացման ու թուրքական ապրանքների նկատմամբ սահմանների վերաբացելը մեծ հարված կհասցնի բոլորին:
Հա գիտեմ, որ հաճախ թուրքական բրենդերը Հայաստան են ներկրում իրենց այլ երկրներում արտադրած պրոդուկտը, բայց միևնույն է, Թուրքիայից Հայաստան ապրանքների հոսքը անգամներով է պակասել:
Քանի որ իմ ընկերների մեծ մասը գործարարներ կամ գործարարության հետ կապ ունեցող մարդիկ են, առաջարկում եմ + 1 դնեն նրանք, ովքեր դեմ են թուրքական ապրանքների նկատմամբ արգելքը հանելուն, և — 1 դնեն նրանք, ովքեր կողմ են, որ նորից թուրքական ապրանքերը լցվեն Հայաստան:
ՀԳ. Նկարում թուրք-ադրբեջանական զորքն է Արցախում, եթե հիշում եք, Ադրբեջանի ու Թուրքիայի դրոշները համատեղ են եղել ողջ պատերազմի ընթացքում, մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Ադրբեջանն ու Թուրքիան նույն թշնամին են: Եթե սահմանը բացում ենք թուրքական ապրանքների նկատմամբ, ապա պետք է բացել նաև ադրբեջանական ապրանքների համար, նույն բանն է:
Վահրամ ՄԻՐԱՔԸԱՆ, ֆեյսբուքյան էջ