Ռայիսին Ալիևին ԻՊ-ն ու սիոնիստական ահաբեկչությունը տարածաշրջանին սպառնացող երկու գործոններն են

«ԻՊ-ն ու սիոնիստական ահաբեկչությունը տարածաշրջանին սպառնացող երկու գործոններն են, որոնց անհրաժեշտ է հակազդել»: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում:

Ինչպես հաղորդում է ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարևոր տարածաշրջանային հարցերն ու երկկողմանի հարաբերությունները:

Ռայիսիի խոսքով՝ երկու երկրներին կապում են «վաղեմի ու խորը հարաբերությունները, և մենք թույլ չենք տա, որ այդ հարաբերությունների վրա ազդեն թշնամիները»: Հիշեցնելով Իրանի կողմից «Ադրբեջանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն» ուղղված աջակցության մասին՝ Իրանի նախագահը նշել է. «Մենք թույլ չենք տա անվտանգության բացակայությունն ու օտարերկրյա միջամտությունը տարածաշրջանային երկրների գործերին, և փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի երկրները կարող են լուծել իրենց հարցերը փոխըմբռնման և բանակցւթյունների եղանակով: Ոտնձգություններն ու օտարերկրյա միջամտությունը պետք է դադարի: ԻՊ-ն ու սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում երկու սպառնացող գործոններ են, որոնց անհրաժեշտ է հակազդել»:

Նշելով, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը «ցանկանւոմ են քայքայել» Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները՝ Ռայիսին ընդգծել է. «Օտարերկրյա միջամտությունը վրաս է հասցնում տարածաշրջանի երկրներին, և մենք պետք է զգոնություն ցուցաբերենք նրանց դավադրությունների նկատմամբ»:

Նա ողջունել է Ադրբեջանի նախագահի հայտարարարությունը երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններն ամրապնդելու և իրանյան ընկերությունների մասնակցությամբ տրանզիտային երթուղիները զարգացնելու հարցում:

Ալիևը հայտնել է, որ կձևավորվի հատուկ աշխատանքային խումբ ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու և դրանք վերահսկելու համար:

Խոսելով իրենց երկրների միջև որոշ տարաձայնությունները լուծելու նպատակով երկու երկրների պաշտոնական դեմքերի հետ բանակցությունների մասին՝ Ալիևը հավաստիացրել է, որ Ադրբեջանը «հակված է սահմանային տարածքների անվտանգության ապահովմանն ու թույլ չի տա որևէ երկրին խոչընդոտել երկկողմանի հարաբերություններին»: «Մենք լի ենք վճռականությամբ լուծելու տրանզիտի խնդիրն ու ստեղծելու հիմք Ադրբեջանում իրանյան ընկերությունների գործունեության ու ներկայության համար»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումը կդառնա «շրջադարձային» երկու երկրների միջև հարաբերությունների նկատմամբ և որ իրենք հակված են ապահովել Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային շահերը, տեղեկացնում է News.am-ը: