Ադամ Շիֆ․ Ես հանգիստ չեմ լինի, մինչև տուն չվերադարձնենք հայ գերիներին

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի փոխնախագահ` հանգիստ չի լինի, մինչև տուն չվերադարձնեն բազմաթիվ հայ գերիներին։

Շիֆը նման տեսաուղերձով է հանդես եկել Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ, տեղեկանում ենք ՀՅԴ պաշտոնական կայքից։

«Ես հանգիստ չեմ լինի, մինչև փախստականները չվերադառնան իրենց տները և տարածաշրջանում վերջնական ու արդար խաղաղություն չհաստատվի»,–ասել է Շիֆը։

Նրա խոսքով` չնայած այս տարի առաջընթաց է գրանցվել, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոտրել է ամոթալի լռության տասնամյակները՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, սակայն դրանով իրենց` կոնգրեսականների աշխատանքը չի ավարտվում։

Շիֆը հիշեցրել է, որ ճիշտ այս պահին հազարավոր մարդիկ Հայաստանում և Արցախում ապրում են իրենց հարևանների կողմից շարունակական սպառնալիքի պայմաններում` միաժամանակ սգալով իրենց հարազատների կորուստը, որոնք սպանվում են, գերեվարվում, տեղահանվում, խոշտանգվում ու ապօրինաբար ձերբակալվում:

Շիֆը հավելել է, որ շարունակելու է աջակցել ու ուժեղացնել ժողովրդավարությունը ՀՀ-ում և Արցախում, խորացնել հայ ու ամերիկացի ժողովուրդների կապերը:

«Ես միշտ կլինեմ Հայաստանի ու Արցախի կողքին»,-իր խոսքն ամփոփել է կոնգրեսականը, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

Հավելենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, ապա՝ Արցախի Հանրապետությունում։