ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Գրանթ Թորնթոն Հայաստանը և Հայաստանի ՄՌ Ասոցիացիան, ընդլայնելով երկու կազմակերպությունների միջև երկարամյա համագործակցության շրջանակները, կնքել են Հուշագիր, որի նպատակն է համատեղ ջանքերով նպաստել Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի դերի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև խթանել ՄՌ համայնքի համագործակցությունը և արդյունավետ հաղորդակցությունը:

КАК РАБОТОДАТЕЛИ ИЩУТ МОЛОДЫЕ ТАЛАНТЫ

Գործընկերային այս ձևաչափով նախատեսվող ծրագրերի շարքում Գրանթ Թորնթոնը և Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ՝ առաջին անգամ Հայաստանում ուսանողների շրջանում իրականացնելով գործատուների վարկանիշավորման ծրագիր:

«հայrate» անվանումը կրող այս նախագծի նպատակն է հատուկ կարևորության արժանացնել գործատուի վարկանիշը: Հաշվի առնելով Հայաստանի աշխատաշուկայի փոփոխվող միջավայրը, ինչպես նաև բարձր մրցակցությունը երիտասարդ տաղանդների ներգրավման և պահպանման ոլորտներում՝ գործատուները առանձնահատուկ շեշտադրում են անում իրենց բրենդի, հանրության շրջանում դրա ընկալման և գրավչության խնդիրների վրա: «հայrate»-ը հնարավորություն է ընձեռում բացահայտել որքանով հասցեական են այս ուղղությամբ գործատուների ռազմավարություններն ու ծրագրերը ուսանողների շրջանում:

Գրանթ Թորնթոն Քնսալթինգի տնօրեն Գուրգեն Հակոբյանի կարծիքով«Ուսանողների շրջանում ամենագրավիչ գործատուի բացահայտման մեր մտահաղացմամբ կիսվեցինք Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի հետ, և ուրախ եմ, որ մեր կազմակերպությունները միանգամից միավորվեցին այս և այլ նախաձեռնությունների կյանքի կոչման նպատակով: Տաղանդների համար գործատուների միջև մշտական մրցակցության ու տեղեկատվության տեղատարափի պայմաններում, գործատուները հաճախ հնարավորություն չունեն չափելի դարձնել իրենց բրենդի ընկալումը:

Հանդես գալով «հայrate» նախաձեռնությամբ՝ մենք նաև օժանդակում ենք ծրագրի իրականացմանը և ապահովում միջազգային լավագույն փորձի կիրառումը: Մեր ներդրմամբ, առաջին հերթին, ցանկանում ենք խրախուսել գործատուներին ուշադրություն դարձնել ոչ միայն կազմակերպության իմիջին, առհասարակ, այլ հատկապես երիտասարդների շրջանում որպես գրավիչ գործատու իրենց ընկալմանը և այս ուղղությամբ իրապես գործուն քայլեր ձեռնարկման անհրաժեշտությանը: Հուսանք, որ «հայrate»-ը երկար ճանապարհ է անցնելու՝ իր շուրջ միավորելով բազմաթիվ կազմակերպությունների և դառնալով հայաստանյան աշխատաշուկայի ամենահեղինակավոր ցուցիչներից մեկը»:

Արփի Կարապետյանը, Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ, նշում է. «Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր կարգավիճակ զբաղեցնելու հարցում: «հայrate» նախաձեռնությունը կոչված է հենց այս խնդիրների շեշտադրմանը, ինչպես նաև մեր աշխատաշուկայում իրենց հաջողված ծրագրերի ու քաղաքականության արդյունքում իսկապես գրավիչ դարձած գործատուների ճանաչմանն ու գնահատմանը:

Գործատուների ճիշտ և գրագետ բրենդավորման հիմնախնդիրը մշտապես եղել է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի տեսադաշտում, ուստի ոգևորությամբ ողջունեցինք Գրանթ Թորնթոնի՝ համատեղ նախագծով հանդես գալու առաջարկությունը: Հույս ունենք, որ «հայrate»-ը տարեցտարի ընդլայնելու է իր շրջանակները՝ միավորելով ուսանողներին ու գործատուներին, բացահայտելով ամենից գրավիչներին ու խրախուսելով մյուսներին հետևել նրանց օրինակին: Լավագույն տաղանդների ներգրավման ուղղությամբ գործատուների ջանքերը իրապես կարևոր են ոչ միայն այդ նպատակին հասնելու, այլև մեր աշխատաշուկայում որակական նոր փոփոխության, նոր մշակույթի կայացման տեսանկյունից»:

Հարցմանը մասնակցել են Հայաստանի առաջատար ԲՈւՀ-երի ուսանողներ, ովքեր մեկ ամիս շարունակ հնարավորություն են ունեցել իրենց կարծիքը հայտնել շուկայում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների վերաբերյալ: Հարցման արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին կայանալիք «հայrate» ծրագրի միջոցառման շրջանակներում:

Լրացուցիչ տեղեկությունների համար`

Գրանթ Թորնթոն Հայաստանի մասին. Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ հանդիսացող Գրանթ Թորնթոն Հայաստանը աուդիտորական, գործարար, ռիսկի ու կիբեռանվտանգության, իրավական ու հարկային ոլորտներում խորհրդատվական, ինչպես նաև հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող առաջատար ընկերությունն է շուկայում:

Անի Հակոբյան, Մարքեթինգի տնօրեն

www.grantthornton.am

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի մասին. Հայաստանի ՄՌ Ասոցիացիան 2010 թ-ից մինչ այսօր ունի ավելի քան 300 անդամ՝ Հայաստանի տարբեր ընկերություններից: Ասոցիացիայի նպատակն է համախմբել ՄՌ ոլորտի առաջատար մասնագետներին՝ ՄՌ ոլորտի հանրայնացման, մասնագիտական զարգացման, «ՄՌ ակումբ» գործնական հանդիպումների ու մարդկային ռեսուրսների կառավարման (ՄՌԿ) դաշտի բարելավման միջոցով:

Արփի Կարապետյան, Նախագահ

www.hrcommunity.am