Առուշ Առուշանյանն ու Լուսինե Ավետյանը չեն ընդունում մեղադրանքները

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանն ու Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում ընթանում է Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը, մեղադրող կողմի առաջարկին ընդառաջելով, արգելեց ԶԼՄ–ներին ուղիղ եթերով հեռարձակել նիստը, սակայն թույլատրեց տեսագրել։

Մեղադրող կողմը ներկայացրեց մեղադրանքը, որն Առուշանյանը չընդունեց։

«Այն, ինչ լսեցի, իրականությանը չի համապատասխանում։ Մեղադրանքի պարզաբանման կարիք չկա, լսում եմ նախադասություններ, որոնք ճիշտ չեն»,– ասաց Առուշանյանը և հավելեց, որ իր դիրքորոշումը հիմնավոր կներկայացնեն փաստաբանները։

Մեղադրող կողմը ներկայացրեց նաև Լուսինե Ավետյանի մեղադրանքը, որը վերջինս նույնպես չընդունեց։

«Ինձ համար ամեն ինչ պարզ է, մեղքս չեմ ընդունում»,– ասաց Քարահունջի ղեկավարը։

Դատական նիստին նախատեսվում է հարցաքննել գործով ամբաստանյալ Ավետյանին, տեղեկացնում է Sputnik Արմենիա։