Վարդևանյան․ Որոշ ոստիկաններ ամեն ինչ անում են, որ դուր գան իշխանությանը

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, օգտվելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանի ներկայությունից, դժգոհություն հայտնեց հանրային հավաքների ժամանակ ոստիկանների գործողություններից։

«Գտնում եմ, որ վերջին շրջանում հանրային հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները գնալով ավելի են շեղվում համաչափության ու իրավունքի գերակայության սկզբունքից։ Ես գիտեմ, որ ոստիկանության համակարգում կան առավել քան պարկեշտ, օրենքին ծառայող և իրավունքը գիտակցող ծառայողներ, բայց, ցավոք, կան նաև ոստիկանության ծառայողներ, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս դուր գան իշխանություններին»,– ասաց Վարդևանյանը` այդ խնդրի վրա հրավիրելով ոստիկանության պետի տեղակալի ուշադրությունը։

Արա Ֆիդանյանը չարձագանքեց Վարդևանյանի հայտարարությանը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։