Ուսապարկերը կրկին հրաժարվեցին ապաքրեականացնել վիրավորանքն ու զրպարտությունը

«Հայաստան» խմբակցությունն առաջարկում է չեղարկել վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքը։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական ​​հանձնաժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ օրենքը հակասում է Սահմանադրությանը, ոտնահարում է քաղաքացիների իրավունքները և սահմանափակում երկրում գործող ԶԼՄ-ների գործունեությունը։ «Այս առումով այն պետք է ապաքրեականացվի։ Մենք համոզված ենք, որ այս փոփոխությունները լուրջ հակասություններ ունեն Սահմանադրության, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի հետ։ Գործող օրենսդրությունը չի արտացոլում Սահմանադրությամբ ամրագրված նպատակները, այլ պարզապես փորձում է սպառնալիքներով սահմանափակել խոսքի ազատությունը, հանրային քննադատությունը, մասնավորապես, քաղաքական գործիչների նկատմամբ։ Ավելին, գործող օրենքը վտանգ է ներկայացնում Հայաստանում ժողովրդավարության և խոսքի ազատության համար, ինչի մասին վկայում է Freedom House միջազգային կազմակերպությունը»,-պարզաբանեց Վարդանյանը։

Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանը հարցրեց, թե արդյոք ընդդիմադիրը քաղաքական վարքագծի նորմա է համարում հայհոյանքը։

Վարդանյանը պատասխանեց, որ այդպես չի կարծում։ Այդուհանդերձ, պատգամավորը չզլացավ նկատել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած քաղաքական մեծամասնությունը նման պահվածքը դարձրել են նորմա։

Երկարատև քննարկումներից հետո ԱԺ հանձնաժողովը, այնուամենայնիվ, բացասական եզրակացություն տվեց ընդդիմության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությանը, տեղեկացնում է News.am։