Շառլ Միշել. Քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել

Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական երկխոսությունը կայուն կարգավորման կարող է հանգեցնել։ Այս մասին «Արևելյան գործընկերության» քաղաքացիական հասարակության համաժողովի իր ելույթում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները մնում են հիմնարար խնդիր։ Դրանք պահանջում են նոր ջանքեր՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան։ ԵՄ-ն պատրաստ է խաղալ իր դերը հակամարտությունների կանխարգելման և կարգավորման գործում։ Սա ներառում է վստահության ամրապնդում և կայուն ու համապարփակ կարգավորման խթանում, ներառյալ հետկոնֆլիկտային վերակառուցման միջոցառումների աջակցությունը:

Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական հասարակության համախմբում, կամուրջներ կառուցելու և հաշտեցման ջանքերի օժանդակություն»,- նշել է նա, տեղեկացնում է News.am: