Քննարկվում է Երևանում մետրոյի երկու կայարան կառուցելու տարբերակը

Իշխանությունը քննարկում է նաև Երևանում մետրոյի երկրորդ կայարան կառուցելու հարցը, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոյի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծի մրցույթում հաղթող է ճանաչվել ռուսաստանյան «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը: Նոյեմբերի 20-ին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Աջափնյակ» կայարանի նախագծման պայմանագիրը նշված ընկերությանը հանձնելու արարողությունը: Sputnik Արմենիայի հետ զրույցում «Մետրոգիպրոտրանսի» տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնն ասել էր, որ Երևանում կամրջի և մետրոյի կայարանի կառուցման համար ռուսական 500 միլիոն դոլարի վարկը կարող է հավանության արժանանալ առաջիկայում:

Էկոնոմիկայի փոխնախարարն իր հերթին ասաց, որ հարցը դեռ քննարկման փուլում է:

«Այս պահին ֆինանսական տարբեր գործիքներ ենք քննարկում։ Խոսքը ոչ այնքան վարկի մասին է, որքան այլ գործիքների։ Այժմ երկխոսության մեջ ենք Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության հետ։ Կարծում եմ՝ մոտ ժամանակներս կկարողանանք նրանց հետ սահմանել չափանիշները, ասել, թե որ ուղղությամբ ենք շարժվում, արդյոք դա վարկ կլինի, թե ֆինանսական այլ գործիք», - նշեց Տերյանը։

Նրա խոսքով՝ հնարավոր գործիքների թվում են, օրինակ, Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության կողմից լիզինգային ծրագրերը։ Վերջնական որոշում, ըստ նրա, դեռ չի կայացվել։

Այս պահին «Մետրոգիպրոտրանսը» մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։

«Խոսքը միայն մետրոյի մեկ կայարանի մասին չէ, այլ քննարկվում է գիծը երկարացնելու և մետրոյի երկրորդ կայարան կառուցելու տարբերակը։ Այսինքն` ընդհանուր առմամբ բավականին մեծ նախագիծ է, որը համակարգելու կարիք ունի։ Բայց հույս ունեմ, որ մոտ ժամանակներս կորոշենք վերջնական պարամետրերն ու կկարողանանք այդ մասին ասել հանրությանը», - ասաց Տերյանը։

Ընդ որում` բոլոր հնարավոր տարբերակները դիտարկվում են Արտահանման վարկերի և ներդրումների ապահովագրման ռուսական գործակալության հետ համագործակցությամբ։ Նրանք Ռուսաստանից դուրս նախագծեր արդեն իրականացրել են։ Պետական այս գործիքը ռուսական ընկերություններին ֆինանսավորում է արտասահմանում ծրագրեր իրականացնելու համար։

Ինչ վերաբերում է 500 միլիոն դոլարի վարկին, ապա դա նախնական գումար է։ Քանի որ նախագիծը դեռ վերջնական տեսք չի ստացել, դեռ վաղ է գումարի մասին խոսելը։

Ծախսերի առումով ավելի շահավետ է միանգամից երկու կայարանի կառուցումը։

«Եթե մենք համակարգային ենք լուծում հարցը, ապա ավելի բարենպաստ է դիտարկել նախագիծն ամբողջությամբ, խոսել երկու կայարանի մասին... Դա, բնականաբար, ավելի էժան է», - ասաց փոխնախարարը:

Բայց այս հարցում պետք է քաղաքապետարանի հետ կոնսենսուս լինի։ Հիմա նրանց հետ կառուցողական երկխոսություն է ընթանում, որը որոշակի ժամանակ կպահանջի։

«Մետրոգիպրոտրանս» ընկերությունն առաջարկում է կառուցել երկհարկանի կամուրջ ոչ միայն մետրոյի, այլև ավտոմեքենաների և հետիոտների համար: Էկոնոմիկայի նախարարությունում դրական են վերաբերվում ենթակառուցվածքային ցանկացած նախագծի, հարցն այն է՝ որքանով դա կբարդացնի, կմեծացնի արժեքն ու իրականացման ժամկետը։

«Այդ հարցը նույնպես մեր և քաղաքային իշխանության օրակարգում է։ Երբ բուն նախագծի հարցը լուծվի, ամեն ինչ ավելի պարզ կլինի», - նշեց Տերյանը։

Քննարկվող թեմաներից է նաև մետրոյի կայարանի/ կայարանների շուրջը ենթակառուցվածքներ զարգացնելու հարցը։

Բնականաբար, պետք է լինի ենթակառուցվածք՝ խանութներ, սրճարաններ։ Կայարանը պետք է դիտարկել հենց այս ձևաչափով, ոչ թե միայն որպես մետրոպոլիտենի օբյեկտ։

«Մենք այնպիսի նախագիծ ենք ուզում, որ նոր մակարդակի կայարան լինի», - նշեց Տերյանը։