«Ժողովուրդ»․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՓՈԽԱՐԻՆՈՂ Է ՓՆՏՐՈՒՄ

Իշխանությունը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին փոխարինող է փնտրում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով կառավարության իր աղբյուրներին։

«Բանն այն է, որ իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել ցանկալի արդյունքի:Մասնավորապես, այս խոսակցությունը առաջացել է այն բանից հետ, երբ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատավորները համատարած հրաժարվում են քննել նախկին պաշտոնյաների գործերը կամ քննած գործերով էլ մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումները դադարեցնում են»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` իշխանությունները դատական համակարգում չեն կարողանում հասնել իրենց ցանկալի արդյունքին, ուստի ներքին քննարկման ժամանակ խոսել են ԲԴԽ նախագահի փոփոխման մասին:

«Ստացվում է, որ վարչապետը դժգոհ է Գագիկ Ջհանգիրյանի իրականացրած դատական համակարգի ռեֆորմներից»,– նշված է հոդվածում:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է անձամբ Գագիկ Ջհանգիրյանից մեկնաբանություն ստանալ, սակայն նա փոխանցել է, որ առաջիկա օրերին մամուլի ասուլիս կհրավիրի և կպատասխանի բոլոր հարցերին։

Sputnik Արմենիա