ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ՝ ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այս կիրակի հանրապետության մի շարք խոշոր բնակավայրերում սպասվում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների երրորդ ու առավել վճռական փուլը։ Ինչպես հայտնի է, անցած երկու փուլերում իրական ընդդիմության հաղթանակ գրանցվեց բացառապես Սյունիքի երկու բազմաբնակավայր քաղաքային համայնքներում՝ Գորիսում և Կապանում՝ ի դեմս Առուշ Առուշանյանի և Գևորգ Փարսյանի վերընտրության։ Մնացած բոլոր համայնքներում ՔՊ-ին կա՛մ հաջողվեց սեփական դրածոյին կարգել համայնքապետ, կա՛մ էլ կառավարելի ընդդիմության որևէ ներկայացուցչի վստահել այդ պաշտոնը։

Դեկտեմբերի 5-ի ընտրություններին արմատական ընդդիմության թեկնածուների ներկայացվածությունը տեղերում, ցավոք, մեծ չէ։ Երկու կարևոր մարզերում՝ Արագածոտնում և Արմավիրում, նորանշանակ մարզպետները բուռն թափով, իրենց բանուգործը թողած, լծված են ՔՊ-ական թեկնածուների քարոզչությանը։ Աշտարակում, Ապարանում, Թալինում, Արմավիրում, Մեծամորում, Վաղարշապատում, նաև խոշոր գյուղական համայնքներում կառավարող կուսակցությունը մարտի է հանել իր ամբողջ «զորակազմը»՝ վարչական ռեսուրսից մինչև թաղային հեղինակություններ։

Այս իշխանության սիրելի գործելակերպը, փաստորեն, ընտրություններին ընդառաջ, օգտվելով օրենքի ընձեռած սողանցքի հնարավորությունից, համայնքապետի պաշտոնում յուրային ժամանակավոր պաշտոնակատարի նշանակելն է։ Որպես կանոն՝ այդ պաշտոնակատարները դառնում են կա՛մ իշխանության թեկնածուն և հաղթում, կա՛մ էլ վարչական ռեսուրսի բիրտ օգտագործմամբ բութ գործիքի դեր են կատարում՝ իշխանական թեկնածուին կարգելով համայնքապետ։

Ցավալիորեն, մի շարք առանցքային քաղաքային համայնքներում՝ Արարատ, Արտաշատ, Վեդի, Վայք, Վարդենիս, Գավառ, Մարտունի, Սևան, Վանաձոր, Սպիտակ, Աբովյան, Նոր Հաճն, Ծաղկաձոր, Արթիկ և այլն, «տիտղոսային» ընդդիմության ներկայացուցիչները կա՛մ բացակայում են, կա՛մ չափից դուրս երերուն դիրքերում են։ Դրա փոխարեն իբր իշխանությունից անկախ, սակայն իրականում իշխանությանն իր ծառայություններն առաջարկող քաղաքական ուժերը՝ «Հանրապետությունից» մինչև ԲՀԿ, լայնորեն օգտվել են առաջադրման հնարավորությունից և իշխանական թույլ թեկնածուների առկայության պարագայում կարող են անգամ հաղթել։

Ճիշտ է, օրինակ՝ Աբովյանում ԲՀԿ-ական թեկնածու, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի հաղթանակի դեպքում դա չի լինի քաղաքական ընդդիմության հաղթանակը, ինչպես այդպիսին չէր Գյումրիի քաղաքապետի և փոխքաղաքապետի պաշտոնների առևտուրը հազար ճամբար փոխած Սամվել Բալասանյանի և ՔՊ-ի միջև։ Պարզ է, որ Սյունիքում, անվտանգության մակարդակի կտրուկ իջեցման հետևանքով, երկու առանցքային համայնքների ղեկավարների ընտրության շուրջ ինտրիգը շատ ավելի մեծ էր, և փորձը ցույց տվեց, որ Գորիսում և Կապանում ընդդիմությանը հնարավոր եղավ հասնել հաջողության։ Սակայն պակաս կարևոր չեն նաև Հայաստանի մյուս մարզերի քաղաքային համայնքների ղեկավարների և ավագանիների ընտրությունները, և դրանք որևէ պարագայում չպետք է անտեսվեն կամ ընկալվեն իբրև անկարևոր ներքաղաքական ճակատ։

Այս ֆոնին ուշագրավ է հատկապես երևանամերձ Մասիսի քաղաքապետի ընտրության շուրջ ծավալվող պայքարը։ Հայտնի է, որ քրեական հետապնդման ենթարկվող և ընտրարշավի նախօրեին իշխանական պաշտոնակատարով փոխարինված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերընտրվելու շանսերը բավական բարձր են։ Պարզվում է՝ իշխանական ճամբարը սոցիալական օգնության անվան տակ մասիսցիներին կաշառելով է զբաղված՝ պաշտոնակատարին ամեն կերպ քաղաքապետ կարգելու նպատակով։ Սա, ի դեպ, նորություն չէ, Սյունիքի համայնքներում ևս նույն ձեռագիրն էր կիրառվել, սակայն, ինչպես պարզվեց, այն գործուն չէր։ Իշխանության վերջին հույսը կարող է լինել ընտրությունների նախաշեմին այդ տարածաշրջանում ինչ-որ խոշորածավալ, բազմամիլիոնանոց ծրագրի մոտալուտ մեկնարկի մասին հայտարարելը, ինչպես փորձեցին անել Կապանում, սակայն տապալեցին։ Հետաքրքրական է՝ ի՞նչ ցույց կտա Մասիսի քաղաքապետի ընտրությունը։