Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ․ ԲԴԽ ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱԶՄԸ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐՆ ԵՆ

Ակնհայտ է, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ իրականացվում է հետապնդում՝ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի ընտանիքին վերաբերող գործով նրանց ոչ հաճո վճիռ կայացնելու համար, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դստեր գործով ինքնաբացարկ չհայտնելու համար դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ ԲԴԽ-ի խիստ նկատողություն հայտարարելու հանգամանքին։

«Շատ տարօրինակ զուգադիպություններ կան այս գործում, որոնք պարզապես բնական պայմաններում գոյություն ունենալ չէին կարող։

Առաջին զուգադիպությունն այն է, որ ԲԴԽ-ն Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության է ենթարկել այն պատճառով, որ նա ինքնաբացարկ չի հայտնել Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ գործով։ Փաստաբանը կամ իր, կամ Շուշան Փաշինյանի անունից ոչ թե ինքնաբացարկի մերժումից հետո է Արդարադատության նախարարություն դիմել, այլ վերջանական վճիռը կայացնելուց հետո։ Այսինքն՝ սպասել են, փորձել են հասկանալ, թե ինչ վճիռ կլինի՝ հաճո կլինի, թե հաճո չի լինի և հետո նոր այս գործընթացը սկսել են։

Երկրորդ՝ արդարադատության նախկին նախարարն իր վերջին աշխատանքային օրը երկու գործով կարգապահական վարույթ է սկսել Զարուհի Նախշքարյանի նկատմամբ՝ մի գործով երկու-երեք ամիս առաջ ստացած դիմումի հիման վրա, մյուսը՝ մի քանի օր առաջ ստացած դիմումով, որը վերաբերում էր հենց այս գործին։

Երրորդ զուգադիպությունն այն է, որ այս ամենի հիմքը «վնգստացող դատավորներ» ձևակերպումն է, որին Նախշքարյանը քննադատական վերաբերմունք էր արտահայտել։ Փաստորեն, ԲԴԽ ներկայիս կազմը, որի մեծամասնությունն, այսպես կոչված, իրավաբան-գիտնականներ են՝ նշանակված բացառապես ՔՊ-ի կողմից, Նիկոլ Փաշինյանի դատական թիկնապահներն են և պաշտպանում են վերջինիս շահերը», - ասաց Ռուբեն Մելիքյանը։

Իրավապաշտպանը շեշտեց՝ այստեղ այն աստիճանի ակնհայտ իրավիճակ է, որ կարելի է միջազգային կառույցների համար գտած գործ համարել։

«Այսօր հատկապես Եվրոպայում ուժեղ տենդենցներ կան՝ դատավորներին պաշտպանելու ազգային իշխանություններից։ Մեր պարագայում այս ամենը կատարվում է անթաքույց և առանց հետևանքների մասին մտածելու։ Մենք այս ամենը ներկայացնելու ենք համապատասխան ընթացակարգերով, մենք դրա ձևերը շատ լավ գիտենք. օգտագործելու ենք օրենքով չարգելված բոլոր ձևերը՝ խնդիրը բարձրաձայնելու համար։ Ստեղծված իրավիճակը նշանակում է՝ դատավորնե՛ր, իրավունք չունեք Նիկոլ Փաշինյանին վերաբերող գործով կայացնել նրան ոչ հաճո որոշում։ Եթե կայացնեք՝ ձեր պաշտոնավարումը վտանգված է։ Այս որոշումը շատ հստակ ուղերձ է պարունակում», - նշեց Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն ավելի վաղ բավարարել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել «Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանն՝ ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար։

Aysor.am