Հայաստանի որոշ շրջաններում ձյուն ու ձնաբուք է. կան դժվարանցանելի ճանապարհներ

Շիրակի և Լոռու մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Նշվում է, որ Շիրակի մարզի Ջաջուռի ոլորաններում ձնաբուք է։ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Պուշկինո գյուղի հատվածը և Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Լուսաղբյուր գյուղի հատվածը դժվարանցանելի են։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն էլ տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Թումանյանի և Թալինի տարածաշրջաններում՝ անձրև։ Աշոցքի տարածաշրջանում բուք է։

Արագածոտնի մարզում էլ դեկտեմբերի 1-ից «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ կլինի այցելուների համար։

Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը շարունակում է ժամանակավորապես երկկողմանի փակ մնալ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով, տեղեկացնում է Sputnik Արմենիա: