«Հրապարակ»․ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԻՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՄԱԿՑԻՆ ԴԵՍՊԱՆ ԿՆՇԱՆԱԿԻ

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։

«ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել. հնարավոր է` Իտալիա, սկանդինավյան երկրներ, անգամ Լիտվա։ Թեև Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, ու դեսպանից դժգոհություններ կան»,-գրում է թերթը։

Պարբերականը նկատում է, որ ի տարբերություն նախկին նշանակումների, Իգիթյանը գոնե արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի՝ նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։ «Մինչդեռ վերջին փուլում նշանակված դեսպանները հիմնականում քաղաքական դեմքեր են, որոնց անգամ քաղաքական անվանելն է մեղք։

Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին»»,-գրում է թերթը։

«Հրապարակն» իր ընթերցողներին հիշեցնում է, որ կար ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ կոտրելու է նախկին կարծրատիպերը, հրաժարվելու է արատավոր երևույթներից, երբ դիվանագիտական կրթություն չունեցողները նշանակվում են դեսպանի պաշտոնում։

Sputnik Արմենիա