Գագիկ ՄԱԿԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՃԵԼ
Հայաստանում աղքատության և գործազրկության մակարդակը կշարունակի աճել։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում աղքատության մակարդակի աճն ու նվազումն ունեն սուբյեկտիվ և օբյեկտիվ պատճառներ։ Նա նկատեց, որ Հայաստանը 30 տարի պայքարում է աղքատության դեմ, սակայն այս ընթացքում չի հաջողվել լուծել խնդիրը։ Մակարյանը հավելեց, որ աղքատության շատ բարձր մակարդակը, որը նկատվում էր 1990-ականներին, նվազեց 2000-ականներին, իսկ մինչ պանդեմիան թվում էր, թե ծայրահեղ աղքատությունը կարելի է ամբողջությամբ վերացնել, բայց հետո ի հայտ եկան օբյեկտիվ պատճառներ։
«Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում լոքդաուն է մտցվել, մարդիկ սկսել են բախվել աշխատավարձեր ստանալու խնդրին, տնտեսական գործունեության տարբեր սահմանափակումներ են մտցվել։ Արդյունքում ամբողջ աշխարհում արտադրության ծավալները նվազել են, տրանսպորտի գներն աճել են, ինչը հանգեցրել է գնաճի, որը լուրջ ազդեցություն ունի Հայաստանում աղքատության մակարդակի աճի տեսանկյունից։ Պաշտոնյաները խոսում են աղքատության 27 տոկոսի մասին, բայց ես կարծում եմ, որ այս ցուցանիշն այժմ գերազանցում է 30 տոկոսը և կշարունակի աճել։ Մեր նախնական հաշվարկներով՝ գնաճի ներկայիս տեմպերը կարող է դադարել միայն փետրվարին, ապա՝ նվազել։ Այս գործընթացը կշարունակվի ևս 3-4 ամիս։ Բնակչության ներկայիս աշխատավարձերը հնարավորություն չեն տալիս փոխհատուցել գնաճի բացասական հետևանքները և նվազեցնել աղքատության մակարդակի աճի տեմպերը։ Մասնավոր հատվածը դեռ չի հասցրել վերականգնվել կորոնավիրուսային ճգնաժամից և պատերազմից, ինչը թույլ չի տալիս պայմաններ ստեղծել աշխատավարձերի բարձրացման համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները չեն գնում հարկային բեռի նվազեցման ճանապարհով, մինչդեռ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կարող են արագ նվազեցնել գործազրկության մակարդակը կամ ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուրներ, որոնք կհանգեցնեն աղքատության մակարդակի նվազեցման։ Պետք է կենտրոնանալ տնտեսության այնպիսի ոլորտների վրա, որոնք կարող են դա ապահովել։ Օրինակ՝ ձեռքագործ աշխատանքը կամ կիսաավտոմատ արտադրությունը:
Այս միջոցները հատկապես կարևոր է ընդունել մարզերում։ Երևանում միջին աշխատավարձը 310 հազար դրամ է, երկրի ողջ տարածքում այդ ցուցանիշը միջինում երկու անգամ ցածր է։ Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ հենց մայրաքաղաքում են հիմնականում կենտրոնացված պետական կառույցները, ինչպես նաև մասնավոր բիզնեսը։ Փոքր երկրում բնակչության 30%-ը երկու անգամ ավելի շատ է վաստակում, քան մնացած 70%-ը։ Այստեղ լուրջ գործառույթ է դրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վրա։ Բացի սոցիալական ծրագրերի իրականացումից՝ այն պետք է նպաստի երկրում զբաղվածության աճին, աշխատանքային օրենսգրքում բարեփոխումներ կատարի հօգուտ գործատուի՝ աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով և այլն։ Հայաստանում վարկային և այլ պարտավորություններ ունի մոտ 330 հազար մարդ։ Նրանք՝ գտնվելով պետական մարմինների վերահսկողության տակ, չեն ցանկանում օրինական ճանապարհով աշխատանքի անցնել, քանի որ գիտեն, որ նախկին պարտքերի գումարները դուրս են գրվելու իրենց աշխատավարձերից»,-ընդգծեց փորձագետը։
Կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բլոկը, նրա գնահատմամբ, կարող է լուրջ նախադրյալներ ստեղծել արդյունաբերության, գյուղատնտեսության, նորարարությա և այլ ոլորտների զարգացման համար։ «Բայց սա վերաբերում է 2022-2026 թթ.։ Այժմ 7 տոկոս կամ նույնիսկ 9 տոկոս տնտեսական աճը բավարար չէ ճգնաժամից հետո տնտեսությունը վերականգնելու համար։ Մեզ ավելի լուրջ տեմպ է պետք։ Գործազրկության մակարդակն այսօր 19 տոկոս է, և այս ցուցանիշը նույնպես աճում է։ Այստեղ խնդիրը կարող էր լուծել շինարարության ոլորտը, սակայն այժմ, ինչպես գիտենք, սահմանափակումներ են մտցվել եկամտահարկի վերադարձի ծրագրի վրա՝ որպես հիփոթեքային տոկոսների փոխհատուցում։ Մարզերում այս ծրագիրը հաջողություն չի ունենա, քանի որ դրան մասնակցելու համար անձը պետք է ունենա ամսական 500 հազար դրամ (1000 դոլարից ավելի) եկամուտ։ Մարզերում նման մարդկանց կարելի է մատների վրա հաշվել։ Այժմ այս ծրագրի շնորհիվ շինարարության ոլորտը բում է ապրում, սակայն ոլորտում տեմպերի նվազումը կհանգեցնի աշխատատեղերի փակման»,-եզրափակեց Մակարյանը։