ԲԱՔՈՒՆ ԲԹԱՑՆՈՒՄ Է ՄԵՐ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԵՎԱՆԸ՝ ՁԱՅՆԱԿՑՈՒՄ
Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները դեռ չվերլուծած, մեր բանակցային բացթողումները չարձանագրած՝ հայաստանյան հանրությունը հիմա էլ քննարկում է բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովը՝ Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ, ինչ-որ պատրանքներ է տածում հնարավոր հայանպաստ ձևակերպումների ընդունման հարցում։ Առավել սթափ և գիտակից զանգվածը միայն Զինված ուժերի վերակառուցման, արդիականացման և համալրման, հայ զինվորի բազկի ուժի հետ է հույս կապում՝ իբրև գերագույն արժեք։
Երբ մեր առաջնագիծը պարբերաբար վերածվում է մարտադաշտի, ամբողջ զինուժը՝ դիրքապահ զինվորից մինչև ռազմական բժիշկ ու վարորդ, կյանքի ու մահու կռիվ է տալիս։ 44-օրյա պատերազմի օրերին մեր ռազմական բժիշկներն օրեր շարունակ անքուն էին ու վիրահատեցին անգամ ադրբեջանցի ռազմագերիներին։ Մեր այդ մարդկային մոտեցմանը թշնամին պատասխանում էր պատերազմական հանցագործություններով՝ գլխատելով խաղաղ բնակիչներին։
Պատերազմից մեկ տարի անց Արցախի՝ մեզ մնացած հատվածում շատ բան վերաշինվել է, նյութական կորուստները վերականգնվել են, բայց հազարավոր զոհերն անդառնալի են։ Մեր ժողովուրդն իր բոլոր թերություններով հանդերձ շինարար է, և քարը քարին դնելով՝ ավերված քաղաքներն ու գյուղերը կվերաշինի։ Բայց մեր մարդկային կորուստներն արդեն անհաշվելի են, և իրավունք չունենք անգամ մեկ նոր զոհ թույլ տալու։ Նոր զոհերի բացառմանը խոչընդոտում է իրադրության հավաքական սխալ ընկալումը, թե իբր պատերազմն ավարտված է, մենք էլ՝ անվտանգ և ապահով միջավայրում։
Անտեսանելի պատերազմը Հայաստանի և հայության դեմ շարունակվում է, այլ հարց, որ մենք հոգեբանորեն անպատրաստ ենք դրան։ Թշնամու նկատմամբ զգոնությունը չկորցնելու համար չպետք է մոռանալ հավաքական զգուշավորության մասին, որը կմղի ճիշտ որոշումներ կայացնելու հատկապես ինքնապաշտպանության կազմակերպման և գոյատևման հարցում։ Ադրբեջանի և Թուրքիայի բոլոր խոսքերին և խոստումներին վերաբերվել կասկածամտությամբ՝ սեփական փորձի հաշվառմամբ դատելով, թե ինչ նպատակ է հետապնդում թշնամին. սա պետք է լինի թուրքական և ադրբեջանական հանրույթների հանդեպ ոչ միայն պետական, այլև ազգային մոտեցման հիմքում։
Առավել ցավալի է, որ առաջնագծից կամ մարտադաշտից պարբերաբար հակասական և չհաստատված լուրեր են գալիս, ինչպես վերջերս, թե իբր թշնամին լքել է Իշխանասարի մերձակայքը։ Միջին քաղաքացին չի կողմնորոշվում տեղեկատվական այս թնջուկում և չի կարողանում զատորոշել ճիշտն ու սխալը, հետևաբար՝ սխալ որոշում է կայացնում։ Առհասարակ, անորոշության զգացողության սերմանումը դարձել է փաշինյանական քարոզչամեքենայի աշխատանքի հիմքը։ Արդյունքում՝ հայ հանրությունը ո՛չ իրապես տեղյակ է իրավիճակին, ո՛չ էլ փորձում է դրան հարմարվել։
Խիստ որոշակի, կոնկրետացված, այդ թվում՝ մեր կորուստների մասին տեղեկատվության հաղորդումը միայն կնպաստի իրավիճակի սթափ գնահատմանը։ Սակայն իշխանությունն ամեն ինչ անում է ճշմարտախոս մեդիայի բերանը փակելու համար՝ զանազան օրենսդրական նախագծերից մինչև կամայական քաղաքացիական դատավարություններ։ 44-օրյա պատերազմի օրերին ռեժիմով ստելը, ճշմարիտ տեղեկատվությունը պարտակելն ու այլընտրանքային իրականություն հորինելը ցույց տվին, թե ինչ է լինում, երբ մարդիկ հանկարծ մեկ րոպեում պարզում են ճնշող իրականությունը։
Սոչիի հանդիպումից հետո կամ բրյուսելյան գագաթնաժողովից առաջ՝ իշխանությունը հերթական անգամ նույն սխալն է թույլ տալիս՝ ցանկալին որպես իրականություն ներկայացնելով։ Այնպես որ, հայաստանյան հանրությանն առաջիկայում ճշմարտությունը բացահայտելուն պես ևս մեկ շոկային թերապիա է սպասվում։