Զինծառայողների հիմնադրամի շահառուների թիվն ավելացել է 36-ով

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. 44-օրյա պատերազմից հետո զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 36 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Տեղեկությունը հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

Այսպիսով, հիմնադրամի շահառուների քանակը 4646 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 526 միլիարդ դրամ։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև սփյուռքից։

Վերջին տվյալներով` հիմնադրամը հավաքագրել է 62,5 միլիարդ ՀՀ դրամ, որից 51,5 միլիարդը պարտադիր վճարների տեսքով և 11 միլիարդը` նվիրաբերությունների տեսքով աշխարհի ավելի քան 70 երկրներից, տեղեկացնում է Sputnik Արմենիա։