ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Երևանի, Թբիլիսիի և Բաքվի համագործակցության զարգացմանը

ԵԱՀԿ–ն պատրաստ է նպաստել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածաշրջանային համագործակցությանը, եթե այդ երեք երկրները համապատասխան պայամանավորվածության հասնեն։ Այս մասին Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի բացմանն այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեն։

Ըստ նրա` Արցախյան հակամարտությունը կազմակերպությանն այն մտքին է հանգեցրել, որ իրավիճակը պետք է տեսադաշտում պահել։

«Կարծում եմ նաև, որ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը կարող է փոխշահավետ լինել։ Անդրկովկասի գծով իմ հատուկ ներկայացուցիչը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները նման համագործակցությանը նպաստելու համար, եթե երեք երկրները համապատասխան որոշում ընդունեն», – հայտարարել է Ան Լինդեն։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը անցկացվում է Ստոկհոլմում դեկտեմբերի 2-3-ը։ Դրա աշխատանքներին մասնակցում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել են, որ Երևանը չի բացառում ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման անցկացում ԱԳ նախարարների խորհրդի շրջանակում, տեղեկացնում է Sputnik Արմենիա։