Կրեմլ. Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է

Ուկրաինայի հարավ-արևելքում ռազմական գործողությունների հավանականությունը մեծ է, Ռուսաստանի համար դա մտահոգիչ է: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Դոնբասում պատերազմի հավանականությո՞ւնը: Ուկրաինայում ռազմական գործողությունների հավանականությունը նախկինի պես մեծ է։ Սա մեզ համար առանձնահատուկ մտահոգության առարկա է»,-ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով համապատասխան հարցին։

Նրա խոսքով՝ Մոսկվան ուղիղ սպառնալիք և ռուսական մարզի նկատմամբ ոտնձգություն է համարում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խոսքերը, ով դեկտեմբերի 1-ին երկրի խորհրդարանում հայտարարել էր,, որ մտադիր է վերադարձնել Ղրիմը։

Նրա խոսքով՝ այդ ձևակերպումը նշանակում է, որ Կիևի ռեժիմը մտադիր է օգտագործել ցանկացած հնարավորություն ոտնձգություն իրականացնելու ռուսական մարզի վրա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Կիևը Դոնբաս է ուղարկել 125 հազար զինվոր և սպա, այսինքն՝ Ուկրաինայի զինված ուժերի ողջ անձնակազմի կեսը։

Այդ մասին հայտնել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նա հավելել է, որ Դոնբասում ավելացել է արևմտյան հրահանգիչների թիվը։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի երկրների նման գործողությունները կարող են դրդել Ուկրաինայի իշխանություններին «դիմել ռազմական արկածախնդրության», ինչը ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար, տեղեկացնում է News.am։

Այդ կապակցությամբ Պեսկովն Ուկրաինայի գործողություններն անվանել է «շատ վտանգավոր արկածախնդրություն», որն «ուղեկցվում է ՆԱՏՕ-ի չծրագրված և խրախուսված զորավարժություններով»։