ԵՎՍ 5 ՏԱՐՈՎ ԱՐԳԵԼԵՔ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ, ԱՐԳԵԼՔ ԴՐԵՔ ՆԱԵՎ ՎԱՃԱՌՔԻ ՎՐԱ. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
«Մանթաշով» գործարարների միությունը, «Ռեստորանների Ասոցիացիա» ՀԿ-ն ու Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը՝ թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը երկարձգելու հարցով: Ստորև ներկայացնում ենք բաց նամակը.
«Մեծարգո պարոն վարչապետ և ՀՀ կառավարության անդամներ,
Մենք՝ ներքոստորագրյալ գործարարներս, անհրաժեշտ ենք համարում, որպեսզի ՀՀ կառավարության կողմից երկարաձգվի թուրքական ծագման ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներկրման արգելքն առնվազն 5 լրացուցիչ տարով՝ հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ․
Հայկական շուկայից թուրքական ծագման ապրանք ներկրող ընկերությունների դուրս գալուց հետո բազմաթիվ ոլորտների հայկական արտադրողներ մեծացրել են իրենց արտադրությունները՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և փորձելով բավարարել շուկայի պահանջարկը, ուստի այս պահին թուրքական ապրանքների ներկրումը թույլատրելու դեպքում թուրքական ապրանքներ արտադրողները և ներկրողները նորից քայլեր կձեռնարկեն հայկական շուկան հետ գրավելու ուղղությամբ, ինչը ծանր դրության մեջ կդնի նոր ստեղծված կամ նոր ներդրումներ ստացած հայկական ընկերություններին։
Արգելքը չերկարացնելու հիմնավորումներից մեկն այն է, որ ցանկացած դեպքում ծագման երկրի հավաստագիրը փոխելու միջոցով թուրքական ապրանքը շարունակում է նույն ծավալներով ներկրվել Հայաստանի Հանրապետություն։ Նախևառաջ, ցանկանում ենք ընդգծել, որ, վիճակագրական տվյալների համաձայն, տեղի է ունեցել ներկրման ծավալների էական կրճատում, մասնավորապես՝ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան նվազել է 3․3 անգամ։ Բացի այդ, ծագման երկրի հավաստագիրը փոխելու մասին հայտարարությունները հիմնավոր չեն, քանի որ չկան վիճակագրական տվյալներ կամ ապացույցներ նման հավաստագրերով ներկրվող ապրանքների քանակի կամ ծավալի մասին։ Ընդ որում, նման արարքի վերաբերյալ տվյալների տիրապետող անձինք պարտավոր են դիմել իրավապահ մարմիններին, քանի որ ծագման երկրի հավաստագրի կեղծումը քրեորեն պատժելի արարք է։
Ըստ էության, թուրքական ապրանքների ներկրման արգելքը ՀՀ տնտեսությունում որևէ ցնցում չառաջացրեց, քանի որ թուրքական ապրանքների տեղն արագ զբաղեցրեց ինչպես տեղական, այնպես էլ այլ երկրների ծագման արտադրանքը, հետևաբար թուրքական ծագման ապրանքների ներկրումը կրկին թույլատրելը չունի որևէ տնտեսական հիմնավորում։
Վերոնշյալ կետերում անդրադարձ ենք կատարել թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելման միայն տնտեսական կողմին, այնինչ տվյալ պարագայում նշանակություն ունեն նաև հարցի էմոցիոնալ և բարոյական կողմերը, քանի որ ինչպես 2020 թվականին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների, այնպես էլ այս պահին ՀՀ պետական սահմանին տեղի ունեցող անհանգստությունների շրջանակներում Թուրքիան բարոյական և նյութական աջակցություն է ցուցաբերել ադրբեջանական բանակին՝ Հայաստանի և հայ ազգի դեմ ուղղված հանցագործությունների իրագործման գործում։
Ելնելով վերոգրյալից՝ ներքոստորագրյալ գործարարներս առաջարկում ենք առաջիկա 5 տարվա ընթացքում բացառել թուրքական ծագման ապրանքների ներկրման հարցը քննարկման դնելը, ինչպես նաև՝ երկարաձգել այդպիսի ապրանքների ներկրման արգելքը։
Ավելին՝ գտնում ենք, որ թուրքական ծագման ապրանքների ներկրման և սպառման նկատմամբ պետք է կիրառվեն լրացուցիչ սահմանափակումներ։ Այսպես, թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար առաջարկում ենք բացի մաքսային արգելքից, նաև կիրառել վաճառքի արգելքը։ Վաճառքի արգելքի կիրառման պայմաններում ՀՀ ՊԵԿ մարմինները կկարողանան իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, ինչի արդյունքում թուրքական ապրանքների ներկրումը որևէ գաղտնի ճանապարհով կդառնա անիմաստ, քանի որ ցանկացած դեպքում դրա վաճառքը կլինի անհնարին։
Առաջարկում ենք նաև արգելել թուրքական ընկերություններին պատկանող ապրանքանշանների ներքո արտադրվող ապրանքների վաճառքը Հայաստանում՝ անկախ դրանց արտադրման երկրից, ինչը նույնպես ավելի արդյունավետ կդարձնի պատկան պետական մարմինների կողմից վերահսկողական վարչարարության իրականացումը հայկական շուկայում թուրքական ընկերությունների գործունեության նկատմամբ։
Ավելացնենք, որ ըստ էության թուրքական ծագման ապրանքների մուտքը չի արգելվել, այլ իրականացվում է ընտրանքային ներկրում, օրինակ՝ թույլատրվում է ներկրել թուրքական ծագման հումք ու սարքավորումներ։ Ընդ որում, ընտրանքային ներկրումը ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր երկրների կողմից՝ սեփական արտադրողներին պաշտպանելու նպատակով։
Կանխավ հայտնում ենք մեր երախտագիտությունը։