Բողոքի ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Աշոտ Մինասյանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ՀՀ դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել «Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը և մշակույթի գործիչները: Նրանք պահանջում են ազատ արձակել արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից, «Սիսական» ջոկատի հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանին:

 


Հիշեցնենք, որ դատախազը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պնդելով, թե Մինասյանն ապօրինի ձեռք է բերել մեծաքանակ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր, դրանք տեղափոխել և պահել իրեն պատկանող շինությունում՝ քննության տվյալ փուլում ինքնությունը դեռևս չբացահայտված անձանց հետ նախնական համաձայնությամբ։ Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման և իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է դատախազության բողոքը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Առաջին ատյանի դատարանը վերջերս քննել է Մինասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը և կրկին մերժել։ Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Մինասյանին, ինչն այսօր բավարարվել է, տեղեկացնում է News.am։