«Ժողովուրդ»․ ԱՅՍՈՒՀԵՏ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏԱԿ ԿԼԻՆԻ ՈՉ ԹԵ ՓԱՇԻՆՅԱՆԻ, ԱՅԼ ՄՀԵՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Այսուհետ «չարագուշակ» փաստաթղթերը կստորագրի ոչ թե վարչապետ Փաշինյանը, այլ ենթադրաբար Մհեր Գրիգորյանը և Սուրեն Պապիկյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը։
«Տպավորություն է, որ կապիտուլյացիոն իներցիան և մեր երկրի տարածքների շարունակական հանձնումը չի դադարել, սակայն այլևս այդ գործընթացը՝ պատասխանատվության մեծ բաժնով, չի պտտվի մեկ կերպարի շուրջ՝ ի դեմս Փաշինյանի, այլ կլինի բազմավեկտոր, ինչն ավելի լղոզված պատկեր կստեղծի՝ հօգուտ գործող իշխանության»,–գրում է թերթը` հղում անելով ArmLur.am-ին։
Թերթը գրում է, որ երեկ երեկոյան՝ մինչ ուշ գիշեր, ԱԺ ՔՊ խմբակցությունը նիստ է անցկացրել: Իշխանական պստգամավորները քննարկել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ ՌԴ այցի արդյունքները։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը հիմնականում խոսել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որոնք հայտնել են, որ պետք է որոշ կետերի հետ կապված միասնական որոշում կայացնեն, որպեսզի Մհեր Գրիգորյանն առաջիկայում դրանք ներկայացնի ստեղծված հանձնաժողովին:
«Ներկաները տպավորություն են ստացել, որ կրկին փաստաթուղթ է պատրաստվում ստորագրության, որի վերաբերյալ բովանդակային պատկերացում և քննարկում չկա»,–գրում է թերթը։
Սրան զուգահեռ, նշենք, որ երեկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ չի հաջողվում Ադրբեջանի հետ ձեռք բերել պայմանավորվածություն փաստաթղթի վերաբերյալ, և այս հայտարարությունից հետո ԱԺ ՔՊ խմբակցության արտահերթ նիստը մտահոգիչ էր:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հիշեցնենք` Սոչիում նոյեմբերի 26–ին կայացավ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը։ Եռակողմ հանդիպումից առաջ Պուտինն առանձնազրույց էր ունեցել Ալիևի հետ։ Բանակցությունները տևեցին երեք ժամ։ Եռակողմ հանդիպմանը հաջորդեց Պուտին–Փաշինյան առանձնազրույցը։ Բանակցությունների արդյունքում ստորագրվեց համատեղ հայտարարություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ փոխվարչապետները կհանդիպեն Մոսկվայում՝ մի քանի ամփոփումներ անելու և հայտարարելու ընդունված որոշումների մասին, որոնք երկրների ղեկավարները համաձայնեցրել են նոյեմբերի 26-ի հանդիպմանը:
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը կայացավ դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։