Եղիշե Կիրակոսյանը մեկնում է Հաագա

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի դեմ Հայաստանի Հանրապետության ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը դեկտեմբերի 6-8-ը ներառյալ կգործուղվի Նիդերլանդների Թագավորություն (Հաագա): Նա ներկա կլինի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության կողմից Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի հիման վրա ներկայացված ժամանակային (հրատապ) միջոցների վերաբերյալ որոշումների հրապարակմանը: Այս մասին համապատասխան որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-15-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում անցկացվում են նիստեր՝ Հայաստանի Հանրապետությունն ընդդեմ Ադրբեջանի ներկայացրած գանգատի վերաբերյալ։ Հայաստանը դիմել է Հաագայի դատարան՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, տեղեկացնում է Panorama.am: