Հայաստանը ափսոսանք է հայտնել․ ՔԶԱԿ-ն առաքելություն չի գործուղել Արցախ

ՀՀ պատվիրակությունը մասնակցել է Քիմիական զենքի արգելման կոնվենցիային անդամակցող երկրների 26-րդ համաժողովին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

Համաժողովի ընթացքում Հայաստանն ազգային հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է 2020թ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի ընթացքում քիմիական տարրեր պարունակող զենքի կիրառմանը։ Հայկական կողմն ափսոսանք է հայտնել, որ Տեխնիկական քարտուղարությունը ՔԶԱԿ փաստահավաք առաքելություն չի գործուղել Արցախ՝ քիմիական նյութ պարունակող զենքի կիրառման փաստը քննելու նպատակով:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր արտաքին գործերի նախարարության միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը։ Նա` որպես ՀԱՊԿ նախագահող երկրի ներկայացուցիչ, հանդես է եկել համատեղ հայտարարությամբ, որն անդրադառնում է զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի կիրառման անընդունելիությանը, կազմակերպության տեխնիկական ուղղվածության պահպանման և վերջինիս չքաղաքականացման կարևորությանը։

ՀԱՊԿ անդամ երկրներն ընդգծել են զինված հակամարտությունների ընթացքում քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ Կոնվենցիային անդամակցող երկրների հայտերին արագ արձագանքելու հարցում տեխնիկական քարտուղարության օբյեկտիվության և անաչառության պահպանման կարևորությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում Արցախում ֆոսֆորային զինամթերք էր օգտագործել` այն կիրառելով անտառներում, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում:

Ֆոսֆորային զենքը քիմիական այն զինատեսակներից է, որոնց կիրառությունն արգելված է միջազգային մարդասիրական օրենքներով։

Այն ոչնչացնում է ոչ միայն անտառները, օդը, ջուրը, կենդանական աշխարհն ու ողջ շրջակա կենսաբազմազանությունը, այլև շատ լուրջ բացասական ազդեցություն է ունենում մարդու առողջության համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա։