«Կոմերսանտ»․ ՀԱՅՏՆԻ Է ՊՈՒՏԻՆԻ ՈՒ ԲԱՅԴԵՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԸ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը դեկտեմբերի 7-ին առցանց խորհրդակցություն կանցկացնեն։ Տեղեկությունը հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պետությունների ղեկավարները ծրագրում են երկու գագաթնաժողով անցկացնել։ Առաջինը տեղի կունենա մինչև 2021 թվականի վերջը՝ առցանց ձևաչափով, իսկ 2022-ին Պուտինն ու Բայդենն անձամբ կհանդիպեն:
Ռուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահների բանակցությունների ենթադրյալ թեմաները կլինեն Եվրոպայում և Ուկրաինայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
«Կոմերսանտ FM»- ի քաղաքական մեկնաբան Դմիտրի Դրիզեի կարծիքով՝ Մոսկվան կարող է պնդել անվտանգության մասին նոր մեծ համաձայնագրի վրա, որը ներառում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու երաշխիքները: Ավելի վաղ այդ մասին խոսել էր նաև հենց ինքը՝ Պուտինը։
Փորձագետը կարծում է, որ չնայած լուրջ տարաձայնություններին՝ ռուս և ամերիկացի առաջնորդներն ընդհանուր լեզու կգտնեն։
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ առաջիկա խորհրդաժողովը «խոշոր ուղենիշ» կդառնա երկու երկրների պատմության մեջ:
Առաջին անգամ Պուտինն ու Բայդենը բանակցություններ են վարել հունիսի 16-ին Ժնևում։ Բանակցությունները տևել են մոտ երեքուկես ժամ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ասել է, որ գագաթնաժողովը բարենպաստ ազդեցություն է ունեցել ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման ուղղությամբ աշխատանքի վրա, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն: