Դատախազությունն ուսումնասիրում է Սամվել Բաբայանի սկանդալային հայտարարությունները

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` ՊՆ-ում պատերազմին վերաբերող փաստաթղթերի, հրամանների կեղծման մասին հայտարարությունների վերաբերյալ հրապարակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Դրանք անպայման ուղարկվելու են հետաքննության մարմնին՝ այդ հրապարակումներում ներկայացվող հանգամանքները ստուգման առարկա դարձնելու և ըստ արդյունքների ընթացքը որոշելու հանձնարարությամբ»,– Facebook–ի իր էջում գրել է նա, տեղեկացնում է Sputnik Արմենիա:

Hraparak.am–ն այսօր Բաբայանի հետ հարցազրույց է հրապարակել, որում ՊԲ նախկին հրամանատարը վստահեցնում է, թե Արցախի և Հայաստանի բանակային ղեկավարությունը կեղծ հրամաններ է գրել և գրում, որպեսզի թաքցնի հետքերը և խուսափի պատերազմում պարտվելու պատասխանատվությունից։ Նա նաև նշում է, որ նախկին և գործող հինգ զինվորականներ պետք է նստեն բանտում, և թվարկում է նրանց անունները` պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԳՇ նախկին պետեր Յուրի Խաչատուրով, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան, Օնիկ Գասպարյան, ինչպես նաև գործող պետ Արտակ Դավթյան։