ARARAT ՆԱԻՐԻ ԿՈՆՅԱԿԸ ԻՐ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՄԲ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՐԳԵՎԻ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱՎՈՐ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Դեկտեմբերի 1-ին բրիտանական հեղինակավոր «The Spirits Business Design & Packaging Masters» մրցույթը ամփոփեց այս տարվա աշխատանքները, որի արդյունքում ARARAT «Նաիրի» 20 տարվա հնացման կոնյակը ճանաչվեց լավագույնը «Դիզայն և փաթեթավորում» անվանակարգում՝ նվաճելով մրցույթի բարձրագույն մրցանակը։

Միջազգային առաջատար «The Spirits Business» հարթակի ներքո գործող մրցույթները նպատակ ունեն բացահայտել ալկոհոլային ոլորտի այն մասնագետներին և ապրանքանիշներին, որոնք նպատակաուղղված ընդանում են դեպի նոր ձեռքբերումներ՝ կատարելագործելով ապրանքանիշը, ինչպես նաև բավարարելով սպառողի սպասելիքները։ Այս տարվա մրցանակաբաշխությունը մարտահրավերներով լի էր, քանի որ գերազանցելով նախորդ տարվա ակնկալիքները, գրանցել է 132 հայտ՝ աշխարհի 68 ապրանքանիշներից:

Ինչպես վկայում են մրցույթի կազմակերպիչները, Երևանի կոնյակի գործարանն իր ARARAT ապրանքանիշով առաջին անգամ է ներկայանում այս մրցույթին, միևնույն ժամանակ դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ եզակի ապրանքանիշներից մեկը, որն իր առաջին իսկ առաջադրումից արժանանում է ամենաբարձր գնահատանքի՝ Master մեդալի։

«Մոտ մեկ տարի առաջ ARARAT-ը սպառողին ներկայացավ նոր փաթեթավորմամբ և ընդամենը մի քանի ամիս անց արդեն նշանավորվեց միջազգային տարբեր մրցանակներով։ Ուրախ եմ, որ ARARAT-ը տարին ավարտում է ևս մի հեղինակավոր մրցանակով, որը գալիս է վկայելու, որ ապրանքանիշը տեղափոխվում է համաշխարհային դիրքավորման նոր հարթություն», - ընդգծում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։